«Ոսկե ծիրանի» հաղթողները. մրցանակ ստացավ նաև ադրբեջանցու ֆիլմը
Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թանտրոնում ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի փակման արարողությունը, որտեղ ամփոփվեցին մրցույթի արդյունքները: Մրցույթի առաջին օրվանից ֆավորիտներն ակնհայտ էին. լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակի է արժանացել սերբական «Պարունակներ» ֆիլմը (ռեժ.` Սրջան Գոլուբովիչ):
«Արծաթե ծիրան»-ին արժանացավ իրանցի ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Փարվիզը», իսկ ժյուրիի հատուկ մրցանակը բաժին հասավ թուրքական «Մեջտեղում ինչ-որ տեղ» ֆիլմին:
Վավերագրական մրցույթի գլխավոր մրցանակիր դարձավ Սվյատոսլավ Ստոյանովի «Սև ծովի վեջին ծովահենները» ֆիլմն, իսկ հատուկ մրցանակը տրվեց «Աշխարհ, որ մերը չէ» ֆիլմին: Հայկական համայնապատկեր անվանակարգում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմն, իսկ «Արծաթե ծիրան»-ը տրվեց «Սարոյանլենդ» ֆիլմին (ռեժ,` Լուսին Դինք):
Կարճամետրաժ «ԿՈՐԻԶ» ֆիլմերի մրցութային շարքում գլխավոր մրցանակին արժանացավ «Բարի գալուստ և ցավակցում ենք» իսրայելական արտադրության, իսկ ժյուրիի հատուկ մրցանակներին արժանացան լեհական «Մայրը» և ադրբեջանցի ռեժիսորի՝ գերմանական արտադրության «Դագաղագործի ճոճանակը» ֆիլմերը: