«Մեջտեղում ինչ-որ տեղ» (տեսանյութ)
Գրեթե ամեն տարի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում տեղ է գտնում գոնե մեկ թուրքական ժապավեն: Հաճախ դրանք արժանանում են նաև մրցանակների: 2009թ. Օզջան Ալփերի «Աշունը», որը յուրօրինակ գեղագիտական գործ է, ծափահարություններով ընդունվեց հայ հանդիսատեսի կողմից և արժանացավ Ժյուրիի հատուկ և FIPRESCI-ի մրցանակներին , իսկ 2010թ. Ռեհա Էրդեմի «Կոսմոսն» արժանացավ «Ոսկե ծիրանի»:
Այս տարի երևանյան կինոփառատոնի մրցութային ծրագրում ներկայացված է թուրք կին ռեժիսոր Եշիմ Ուստաօղլուի՝ Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի համատեղ արտադրության «Մեջտեղում ինչ-որ տեղ» դրաման: Ուստաօղլուն իր կարիերան սկսել է հաջողված կարճամետրաժ ֆիլմերով: Առաջին լիամետրաժ ժապավենը նա նկարահանել է 1994թ.: Սակայն նրան միջազգային ճանաչում բերեց «Ուղևորություն դեպի Արևը» ֆիլմը, որը 1999թ. Բեռլինի կինոփառատոնում արժանացավ «Երկնագույն հրեշտակ» մրցանակին՝ որպես լավագույն եվրոպական ֆիլմ: Ուստաօղլուի երրորդ՝ «Ամպերին սպասելով» ֆիլմը ճանաչվեց «Սանդենս» կինոփառատոնի միջազգային ծրագրի լավագույն ռեժիսորական աշխատանք:
«Մեջտեղում ինչ-որ տեղ» ժապավենը պատմում է այն մասին, թե ինչպես են գեղեցկուհի Զեհրան և գրավիչ Օլգունն անցկացնում իրենց միապաղաղ կյանքը: Նրանք երազում են գումար կուտակել և փոխել իրենց կյանքը, սակայն պատահաբար Զեհրան սիրահարվում է բեռնատարի վարորդի:
Հուլիսի 7-ից 14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Մեջտեղում ինչ-որ տեղ» դրաման կհայտնվի երևանյան կինոէկրաններին: