Հայրիկյանի վրա կրակելիս՝ զենքը նորմալ է աշխատել. Դատաձգաբան
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում հարցաքննվեց դատաձգաբան Արայիկ Ասլանյանը: Պատասխանելով գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի հարցին՝ դատաձգաբանն ասաց, որ փորձարարության ժամանակ պարզ է դարձել, որ զենքը աշխատել է նորմալ: «Հրազենայնության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել»,- ասաց նա: Ալեքսանդր Սիրունյանը նաև հետաքրքրվեց՝ ինչո՞վ է բացատրվում այն, որ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի հագուստի վրա կրակոցի արգասիքներ չեն հայտնաբերվել: Դատաձգաբան Արայիկ Ասլանյանն ասաց, որ ինքն ամբաստանյալ Խ. Պողոսյանի հագուստները չի հետազոտել, սակայն նշեց նաև, որ կարող են լինել դեպքեր, երբ անձը փաստացի օգտագործի զենք, բայց հագուստի վրա հետքեր չլինեն:
Միևնույն ժամանակ՝ ձգաբանն ասաց, որ հետք մնալը կամ չմնալը պայմանավորված է զենքի առանձնահատկություններիով: Իսկ երբ Ալեքսանդր Սիրունյանը հիշեցրեց, որ Խաչատուր Պողոսյանն ատրճանակը դրել է ցելոֆանի տոպրակի մեջ, ձգաբանն ասաց, որ այդ պարագայում կրակոցի հետքեր կարող էին չմնալ:
Դատաձգաբանն ասաց նաև, որ փորձաքննություն իրականացնելու ընթացքում կրակոցի և տուժող Պարույր Հայրիկյանի հագուտների վրա առաջացած հետքերի ուղղությունների համընկնելու առումով հարց չի առաջադրվել:
Ալեքսանդր Սիրունյանը հարցրեց նաև՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ երկրորդ գնդակի վրա արյան հետքեր չկան: Ձգաբանը հարցին պատասխանեց, որ, եթե գնդակի վրա հայտնաբերեին կենսաբանական նյութի նմանվող որևէ օբյեկտ, ապա կնշեին դրա մասին: Պատասխանելով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի հարցին՝ ձգաբան Արայիկ Ասլանյանն ասաց, որ հրազենի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել. նա հստակեցրեց, որ ինքը կարող է ասել՝ Պարույր Հայրիկյանի վրա կրակել են իր ուսումնասիրած հրազենից:
Ձգաբանի հայտարարության ընթացքում Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպանությունը «զբաղված է հանցագործություն կատարողների պաշտպանությամբ»: