Տիգրան Սարգսյան-ՀՅԴ պատերազմի պատճառը. մամուլ
«Վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայ Հեղափոխական դաշնակցությունը: Լրատվամիջոցներում քննարկվում է կուսակցությունում առկա լարված մթնոլորտն ու նշվում է, որ ՀՅԴ-ն պառակտման եզրին է:
Ստեղծված իրավիճակը մեկնաբանելով, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բոլորի համար անակնկալ հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատերազմ է հայտարարել ՀՅԴ-ին: Պարզվում է ՀՅԴ-ի շուրջ այս աժիոտաժը կապ ունի հայտնի «օֆշորային սկանդալի» հետ»,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Մեր տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ Տիգրան Սարգսյանի աշխատակազմից զանգահարել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, որը, ինչպես հայտնի է, գտնվում է Դաշնակցության վերահսկողության տակ և խնդրել, որ ՀՅԴ վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները չշոշափեն Տիգրան Սարգսյանի անվան հետ ուղղակի կապ ունեցող օֆշորային հայտնի պատմությունը: Նշված լրատվամիջոցներն այս ընթացքում բավականին հետևողականորեն և անկաշկանդ են լուսաբանել այդ պատմությունը:
Իսկ երբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն արել է իր վերջին հայտարարությունը, վարչապետի «համբերության բաժակը լցվել է»: Հիշեցնենք, Վարդանյանն ասել էր, թե վարչապետի ամանակավոր հրաժարականը կնպաստի օֆշորային սկանդալի բացահայտմանը:
Տիգրան Սարգսյանը, ըստ մեր տեղեկությունների, բավականին ծանր է տանում օֆշորային այս պատմությունը և ամեն ջանք գործադրում է, որպեսզի հնարավորինս քիչ լրատվամիջոցներ խոսեն այդ մասին: «Երկիր մեդիայի» դեմքում, սակայն, վարչապետը հաջողության չի հասել: Նրան կտրուկ մերժել են: Եվ հենց այդտեղ էլ Տիգրան Սարգսյանը հայտարարել է պատերազմի մեկնարկի մասին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: