Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության և Ասոցացման համաձայնագրի ու դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների ընթացքի մասին:
Կողմերը գոհունակությամբ են նշել շարժունակության ոլորտում համագործակցության առաջընթացը՝ ընդգծելով, որ ստորագրվել և այժմ վավերացման փուլում են գտնվում Վիզաների դյուրացման և Հետընդունման վերաբերյալ համաձայնագրերը:
Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն խոսել է նաև Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:
Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու և նոր թափ հաղորդելու մի շարք ուղղություններով երկրում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին՝ ակնկալելով դրանց իրագործմանը ցուցաբերվող աջակցության ընդլայնում: