«Հայաստանի առջև պահանջ չի դրվել Եվրասիական միությանը միանալու համար»
«Միշտ էլ ասվում է, գոնե Հայաստանի իշխանությունների կողմից, որ Հայաստանի առջև պահանջ չի դրվել Եվրասիական միությանը միանալու համար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը` խոսելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի և Եվրասիական միության նախագծի միջև երկընտրանքի հարցի մասին:
Դաշնակցության ներկայացուցիչը նշեց, որ Մաքսային տնտեսական միության կամ եվրասիական նախագծի շուրջ կան որոշ գործընթացներ, և կան բանակցություններ, Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև, սակայն, Ռուսաստանի կողմից «կա´մ մեզ հետ եք, կա´մ մեզ հետ չեք» կտրուկ պահանջ Հայաստանի առջև չի դրվել:
Ըստ Կիրո Մանոյանի` Հայաստանը կարող է հասնել ազատ առևտրի հարաբերությունների և´ Եվրասիական միության և´ Եվրամիության հետ:
«Ինչպես երևում է, մենք գնում ենք դեպի որոշ չափով հարաբերությունների պահպանում երկուսի հետ էլ, այսինքն` ազատ առևտրի շրջանակներում հնարավորինս հարաբերությունները զարգացնելուն»,- նշեց ասուլիսի բանախոսը:
«Հայաստանի համար պարզ է, որ հիմնական մի քանի հարցեր կան, որոնց պատասխանները հստակ պետք է տրվի, եթե Հայաստանի առջև հանկարծ պահանջ դրվի միանալու Եվրասիական միությանը, իսկ այդտեղ կա և´ անվտանգության հարցը` ընդհանրապես, ազգային անվտանգության խնդիրները, և´ հատկապես Ղարաբաղի հարցը, սրանք կարևոր հարցականներ են, որոնց պատասխանները պետք է որ Եվրասիական միության մեջ գլխավոր դերակատարությունը ստանձնած պետությունը հստակորեն տա Հայաստանին և հայությանը, որպեսզի Հայաստանն էլ ըստ այդմ կողմնորոշվի: Կարծում եմ` սա Հայաստանին անպայման չի մղի ինչ-որ կեցվածք ճշտելու` Եվրասիական միության հետ առաջ գնա՞նք, թե՞ ԵՄ-ի, բայց պարզ է, որ իր ազդեցությունն ընդհանուր մեր մտածողության վրա կթողնի»,- ավելացրեց Կիրո Մանոյանը:
Ավելացնենք, որ ս.թ. նոյեմբերին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կկայանա Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների (այդ թվում` Հայաստանի) գագաթաժողովը, որին նախատեսվում է ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման և Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագրի նախաստորագրումը: