Աղվան Հովսեփյան. Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները
Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ: Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված իրավաբանների համաժողովում իր ելույթում այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Միջազգային ապահովագրական ընկերությունները 2007 թվականից սկսած որոշել էին վճարել Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած անձանց ժառանգներին համապատասխան ապահովագրական վճարներ, սակայն այդ վճարումները վերջերս դադարեցրեցին: ՀՀ գլխավոր դատախազն անժխտելի է համարում այդ հարցում Թուրքիայի ճնշումների դերը: «Բայց եթե մենք իրավաբանորեն հիմնավորված, անվիճելի փաստարկների տիրապետեինք, այդ գործընթացը տրամաբանական ավարտ կունենար»,- ասաց Աղվան Հովսեփյանը՝ ընդգծելով, որ թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչումը, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է ունենան անթերի միջազգային-իրավական ապահովում և որ «այդ բարդ խնդիրը կոչված ենք իրագործելու մենք՝ հայ իրավաբաններս»:
Ահա մեկ դար է, ինչ, Աղվան Հովսեփյանի գնահատմամբ, հայ-թուրքական հարաբերությունները դոփում են տեղում: «Եվ չնայած, բազմաթիվ պետություններ պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, մենք ոչ մի շոշափելի արդյունքի չենք հասել: Համոզված եմ, որ նույն իրավիճակում կհայտնվենք նաև մեկ հարյուրամյակ հետո: Եվ նման իրավիճակի պատճառը միայն Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը և գերտերությունների աշխարհաքաղաքական հակասությունները չեն: Իմ խորին համոզմամբ, պատճառը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ մեր դիրքորոշումն է»,- ասաց նա:
Ա.Հովսեփյանը նկատեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հայկական հարցի լուծման և, ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների համապարփակ կարգավորման սոսկ մեկ բաղադրիչն է, խիստ կարևոր, բայց ընդամենը մեկ բաղադրիչը: Իսկ հայկական հարցի լուծումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որն ունի զուտ իրավական բնույթ, պետք է լուծվի իրավական հարթությունում, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա: Դա նշանակում է, որ համապատասխան միջազգային-իրավական փորձաքննությունների պետք է ենթարկվեն հայ ժողովրդին, նրա տարածքներին առնչվող բոլոր միջազգային պայմանագրերը` Բեռլինի Կոնգրեսից սկսած մինչև վերջին հայ-թուրքական չվավերացված պայմանագիրը: «Հակառակ դեպքում մենք կունենանք այն, ինչ ունենք»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Աղվան Հովսեփյանը ճիշտ չի համարում Սյունիքը, Երևանը, Արցախն ադրբեջանական տարածք հայտարարող ադրբեջանական բարբաջանքներին չպատասխանելը: «Բայց արդյո՞ք առավել արդյունավետ չէր լինի ադրբեջանցիներին հիմնավորված հակընդդեմ պահանջ ներկայացնել: Այսպես, Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն Նախիջևանն անջատվել է Հայաստանից և որպես ինքնավար նահանգ հանձնվել է Ադրբեջանի հովանավորությանը: Առայժմ չանդրադառնալով Մոսկվայի 1921թ. մարտի 18-ի պայմանագրի օրինականությանը, նշեմ միայն, որ Ադրբեջանի Կենտգործկոմի 1923թ. հունիսի որոշմամբ ինքնագլուխ վերանայվեց նշված միջազգային պայմանգիրը, փոփոխվեց Նախիջևանի կարգավիճակը, և այդ երկրամասը դուրս բերվեց Ադրբեջանի հովանավորության տակից և ընդգրկվեց Ադրբեջանի կազմում: Այդ որոշումը միջազգային իրավունքի այնպիսի կոպիտ խախտում էր, որ նույնիսկ Թուրքիայի կառավարությունը 1923թ. հուլիսին հանդես եկավ բողոքի նոտայով և Ադրբեջանի Կենտգործկոմի այդ որոշումը գնահատվեց որպես բռնազավթում: Իրավունք ունե՞նք մենք այսօր հայտատարարելու, որ Նախիջևանը Հայաստանի անբաժանելի մասն է, բայց բռնազավթած ` Ադրբեջանի կողմից: Անկասկած, իրավունք ունենք, բայց չգիտես ինչու լռում ենք»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
Անդրադառնալով հայ ժողովրդին առնչվող միջազգային պայմանագրերին ու այս հարցում միջազգային իրավունքի հայ մասնագետների ուշագրավ ուսումնասիրություններին՝ ՀՀ գլխավոր դատախազը փաստում է, որ այսօր հայ-թուրքական սահմանը կարգավորված չէ, «մենք տարածքային վեճեր ունենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ»: Աղվան Հովսեփյանը գտնում է, որ այդ վեճերի իրավաբանական լուծման հանար անհրաժեշտ է պատրաստել հայցային մի մեծ փաթեթ, համապատասխան իրավաբանական հիմնավորումներով և այն ներկայացնել Հայաստանի իշխանություններին՝ հետագայում այն ՄԱԿ-ի իրավական վճիռներ կայացնող հիմանկան մարմնին՝ Արդարադատության միջազգային դատարանին հանձնելու հարցը լուծելու համար:
«Համոզված եմ, որ եթե Ադրբեջանն ունենար մեր` իրավաբանորեն հիմնավորված հավակնությունների հարյուրերորդ մասը, արդեն դիմած կլիներ ոչ միայն Արդարադատության միջազգային դատարան, այլև հնարավոր և անհնար բոլոր ատյաններ»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը՝ հայտարարելով. «Չմոռանանք, որ ժամանակը մեր դեմ է աշխատում»: