Բաժիններ՝

Բարձր աշխատավարձով աշխատանքի ընդունելու խոստումը չկատարեց

Հերիքնազ Ղազարյանի կողմից խաբեությամբ Արմեն Ղարիբյանից և Անահիտ Հակոբյանից զգալի չափերի գումար հափշտակելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ժ.Մովսիսյանի 2012թ. նոյեմբերի 29-ի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի՝ խարդախություն, հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

2012թ. դեկտեմբերի 17-ին Հերիքնազ Ղազարյանին նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել: Ըստ մեղադրանքի,  նա զգալի չափի գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, 2012թ. հոկտեմբերին Երևանի բնակիչներ Արմեն  Ղարիբյանին ու Անահիտ  Հակոբյանին ներկայանալով որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակից և իր զբաղեցրած պաշտոնում որպես լայն հնարավորություններ ունեցող անձ, Արմեն Ղարիբյանին և Անահիտ Հակոբյանի դստերը` Քնարիկ Հովհաննիսյանին այնտեղ բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորելու պատրվակով` Արմեն  Ղարիբյանից պահանջել և 11.10.2012թ. Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում նրանից խաբեությամբ հափշտակել է 70.000 ՀՀ դրամ, իսկ Անահիտ Հակոբյանից պահանջել և 20.10.2012թ. նույն վայրում նրանից խաբեությամբ հափշտակել է 284.095 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար, ընդհանուր առմամբ նրանցից խաբեությամբ հափշտակելով 354.095 ՀՀ դրամ գումար։
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Հերիքնազ Ղազարյանն իրեն մեղավոր է ճանաչել  և օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվել  դատարանում ցուցմունք տալուց։

Ամբաստանյալ Հերիքնազ Ղազարյանը նախաքննության ժամանակ ցուցմունքներ է տվել այն մասին, որ մշտական աշխատանք չունենալու պատճառով պարտքեր է կուտակել և` գտնվելով նյութական ծանր վիճակում, մտադրվել է իր ծանոթ Արմեն Ղարիբյանից խարդախությամբ գումար հափշտակել։ Այդ նպատակով 2012 թվականի հոկտեմբեր ամսին Արմենին և նրա ծանոթ Անահիտ Հակոբյանին ասել է, որ աշխատանքի է նշանակվել Երևանի քաղաքապետարանում, ունի լայն հնարավորություններ և կարող է Արմենի և Անահիտի աղջիկներին բարձր աշխատավարձով աշխատանքի ընդունել։ Արմենն ու Անահիտը համաձայնել են և ինքն Արմենից պահանջել և ստացել է 70.000 դրամ, իսկ Անահիտ Հակոբյանից` 700 ԱՄՆ դոլար։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Ազարյանի նախագահությամբ, 20-06-2013թ. դատավճռով  Հերիքնազ Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում`   6  ամիս ժամկետով, որը  պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Հերիքնազ Ղազարյանից Արմեն Ղարիբյանի օգտին դատավճռով պետք է բռնագանձվի 70.000 դրամ, իսկ Անահիտ Հակոբյանի օգտին՝  700  ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ  ամբաստանյալ Հերիքնազ Ղազարյանը անկեղծորեն զղջացել է կատարածի համար և նախաքննության ժամանակ տվել է խոստովանական ցուցմունքներ, որոնցով ակտիվորեն աջակցել է հանցագործությունը բացահայտելուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս