Բաց նամակ Յուրի Վարդանյանին
«2012թ. հոկտեմբերից մոսկվայաբնակ Արթուր Ոսկանյանի կողմից ստեղծվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ, որը գրանցված է ՀՀ պետռեգիստրում 2012թ. դեկտեմբերի 10ից:
2013թ. հունվարի 17-ին, «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դիմել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային` ընդունելով ՖԻՖԱ-ի,ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ Կանոնակարգերի հիմնական սկզբունքները, «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբը գրանցել որպես ՀՖՖ ֆուտբոլային ակումբ և թույլ տալ մասնակցել Հայաստանի 2013-2014թթ. գավաթի խաղարկությանը և առաջին խմբի առաջնությանը:
Ցավոք, «Ուրարտուն» մինչ օրս գրանցված չէ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայում և իրավունք չի ստանում մասնակցելու Հայաստանի առաջին խմբի 2013/14թթ. առաջնությունը:
Պատճառը՝ ըստ ՀՖՖ-ի, հունվարի 16-ին ՀՖՖ գործկոմի կայացրած որոշումն է, ըստ որի նորաբաց ակումբը պարտավոր է 320.000.000 (երեք հարյուր քսան միլիոն դրամ) դրամի երաշխիք ներկայացնել ՀՖՖ-ին,որից 80.000.000դրամը պետք է դեպոնացվի ՀՖՖ հաշվեհամարին,և վերադարձման ենթակա է միայն ակումբի 3 խաղաշրջաններում անընդմեջ մասնակցությունից հետո:
Ավելին, «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի նամակներից միայն մեկն է արժանացել ՀՖՖ ի պաշտոնական պատասխանին:
Սա այն դեպքում, երբ այսօր Հայաստանի բարձրագույն խմբին մասնակցում է ընդամենը 8 թիմ, երբ առաջին խմբի առաջնությանը մասնակցում են բացառապես բարձրագույն խմբի դուստր թիմեր: Համաձայնվեք, որ նորաստեղծ ակումբից շուրջ 800 հազար ԱՄՆ դոլարի երաշխքի պահանջելը խելամիտ որոշում չէ: Նույիսկ բարձրագույն խմբում հանդես եկող շատ ակումբներ, իրենց չեն կարող թույլ տալ նման ճոխություն:
Մինչև 2013թ-ի հուլիս ամիսը «Ուրարտուն» 26 ստուգողական հանդիպում է անցկացրել տարբեր ներուժի տեր մրցակիցների հետ: Ակումբի ադմինիստրացիան բաղկացած է 16 աշխատակիցներից, ֆուտբոլիստների անձնակազմը՝ 28 հոգուց:
«Ուրարտույի» նկատմամբ այսպիսի արհամարական վերաբերմունքն աստիճանաբար դժգոհության ալիք է բարձրացնում հայ ֆուտբոլասերների շրջանում, քանի որ Հայաստանում ակումբային ֆուտբոլի վարկանիշը զգալիորեն ընկել է և ներդրումներ կատարելու անհրաժեշտություն կա: Փաստ է, որ «Ուրարտուն» հայկական սփյուռքի կողմից ծնված թիմ է, և այն աստիճանաբար կարող է միավորել հատկապես Ռուսաստանում բնակվող հայ մարզասերների ուժերը և ժամանակը ընթացքում գալ նոր մակարդակի:
ՀՖՖ-ի նման անհասկանալի վերբերմունքը տեսնելով, աստիճանաբար հասկանում ենք, թե ինչու են աշխարհի տարբեր ծայրամասերում գործունեություն ծավալած հայ գործարարները խուսափում հայկական ֆուտբոլում ներդրումներ կատարելուց: «Ուրարտուի» դեպքը կարող է լիովին փոխել իրավիճակը, հույս ներշնչել մեր հայրենակիցների մոտ, որ Հայաստանում չկան արհեստական խոչընդոտներ` ֆուտբոլում ներդրումներ կատարելու և Հայաստանի ֆուտբոլային վարկանիշը բարձրացնելու գործում:
Պարոն նախախար, խնդրում ենք, որ Դուք, որպես լեգենդար մարզիկ, որպես հայկական սպորտի ղեկավար, ևս ուշադրություն դարձնեք Հայաստանում ամենամեծ մասսայականությունը վայելող մարզաձևում առկա իրավիճակին»:
«Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի նախագահ`
Արթուր Ոսկանյան