Թևան Պողոսյան. Իսկ ո՞վ է ասել, որ արտահերթ ընտրություններ չեն կարող լինել
«Ըստ իս` այսօրվա կառավարությունը և իշխանությունը պետք է փոխվեն, այնպես որ, պառակտվում են, թե ինչ են անում, դա իրենց ներքին գործն է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե, ըստ նրա, արդյոք գործող իշխանության ներսում կա՞ պայքար որոշակի թևերի միջև:
«Այսօրվա իշխանությունները պետք է հասկանան, որ բնակչությունը չի ցանկանում իրենց կառավարված մոդելով ապրել և իրենք պետք է գիտակցեն, որ ժամանակն է, որ իշխանությունը փոխվի, և նոր մարդիկ ու կուսակցություններ գան իշխանության»,- նշեց Թևան Պողոսյանը: Լրագրողները նկատեցին, որ մոտ ապագայում չկան համամետական ընտրություններ, և հնարավոր չէ հասնել իշխանափոխության, ինչին «Ժառանգության» պատգամավորը պատասխանեց հարցով.
«Իսկ ո՞վ է ասել, որ արտահերթ ընտրություններ չեն կարող լինել, իսկ ո՞վ է ասել, որ իրավիճակը չի կարող փոխվել»: Ըստ Թ. Պողոսյանի` ընդդիմադիր ուժերը մշտապես պետք է պատրաստ լինեն նման իրավիճակներին` իշխանության հասնելու համար: Իսկ ո՞րն է ընդդիմության դերը քաղաքական դաշտում այն պայմաններում, երբ իշխանությունն ինքն է բարձրաձայնում առկա խնդիրների մասին և հանդես գալիս ընդդիմադիր դիրքերից: Այս հարցի վերաբերյալ Թ. Պողոսյանը նշեց. «Թող իրենք բարձրացնեն, իրենք իրենց քննադատեն: Ընդդիմության խնդիրը ոչ միայն խնդիրների մասին բարձրաձայնելն է, ինչը միշտ արել է և անում է:
Ընդդիմությունը դրա հետ միասին նաև պետք է առաջարկի այլընտրանք: Մենք պետք է կարողանանք համախմբել բոլոր ընդդիմադիր տեսակետները, թե ինչպես պետք է իրավիճակը փոխել»: Թևան Պողոսյանը չփորձեց որևէ կանխատեսումներ կատարել աշնանը սպասվող քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, բայց փոխարենը նշեց, թե ինչ կցանկանար, որ լիներ:
«Ես կցանկանայի տեսնել, որ իսկապես տեղի են ունենում փոփոխություններ, իսկապես, գալիս են երիտասարդ, պոտենցիալ ունակություններով լի մարդիկ և կարողանում են իրենց հետ բերել թարմ ուժեր: Ես կցանկանայի տեսնել, որ Հայաստանում իսկապես խոսքերից անցնում ենք գործերի, որ բոլոր ինստիտուցիոնալ մակարդակներում` սկսած դատական համակարգից, հարգվում է մարդու իրավունքները, և քաղաքացին ընկալվում է ինչպես քաղաքացի: Կուզենայի տեսնել իրական ազատ տնտեսական հարաբերություններ»,- ասաց նա: Մեր խնդրանքով Թևան Պողոսյանը նաև խոսեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության մասին: Թևան Պողոսյանը չհամաձայնեց այն գնահատականների հետ, որ «Րաֆֆիի շարժումը մարել է»:
«Մենք շարունակելու ենք մեր այցերը դեպի մարզեր: Այն, որ մենք իսկապես կարողացանք հասնել մի վիճակի, երբ մարդիկ սկսել են խոսել. ոչ միայն Երևանում են գոյանում ակտիվության օջախներ, այլ նաև մարզերում են մարդիկ արդեն կարողանում համախմբվել հանուն իրենց իրավունքների: Դա արդեն մի նշան է, որ ուղին ճիշտ է ընտրված, պարզապես, ցավոք սրտի, այս գործընթացը դանդաղ է ընթանում: Այնուամենայնիվ մենք շարունակելու ենք»,- ասաց Թևան Պողոսյանը: