Թևան Պողոսյանին քիչ են հետաքրքրում Սերժ Սարգսյանի գնահատականները
«Ինձ թվում է` այդ քննարկումը հատուկ նվիրված էր Վերահսկիչ պալատի հաշվետվությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` խոսելով հունիսի 29-ին նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացած քննարկման մասին:
«Ժառանգության» պատգամավորը կարծիք հայտնեց, որ Վերահսկիչ պալատն իրականում սկսել է բարձրաձայնել խնդիրները և հարցերը, և դա, ըստ նրա, պետք է ողջունել, և սա լավ հնարավորություն է գործադիր մարմնի ներկայացուցիչներին ներկայացնել պատասխան փաստերը և ապացուցել` որոնք են եղել ՎՊ-ի հաշվետվությունում սխալ մեղադրանքները, եթե այդպիսիք եղել են:
«Սա շատ լավ հնարավորություն է, որ հասարակությունը և մենք բոլորս կարողանանք լսել և հասկանալ` արդյոք բյուջեի` ռիսկային գոտում գտնվելը և այդ ամենը իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Եվ պետք է այս ամենի մեջ միայն դրական փորձենք գտնել»,- ասաց Թևան Պողոսյանը:
Վերջինիս կարծիքով` այս քննարկումները լավ հնարավորություն են նաև Ազգային ժողովի համար, որը հնարավորություն ունի իր վերահսկողական գործառույթների շրջանակներում հետամուտ լինել, թե ինչպես են այդ գործերը մտնում գլխավոր դատախազություն, ինչ գործեր են հարուցվում և ինչպես են մեղավորները պատժվում:
«Դա նաև մեր պարտականությունն է ոչ միայն հաշվետվություն լսել, այլ նաև հետևողական ձևով հետամուտ լինել, թե ինչպիսի արդյունքների կբերեն բարձրացված հարցերը և վերհանված փաստերը»,- նշեց ասուլիսի բանախոսը:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ՎՊ նախագահ Ի. Զաքարյանը ներկայացրեց 2012 թ. հաշվետվությունը, որը վերաբերում էր քաղաքաշինության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում կատարված աղաղակող բացահայտումներին, գնումների գործընթացում իրականացված չարաշահումներին, բյուջետային միջոցների ոչ արդյունավետ օգտագործմանը և այլն:
Իր ելույթում Իշխան Զաքարյանը նշեց, որ, ըստ հաշվետվության, ՀՀ բյուջեի մոտ 70 տոկոսը կամ 701 մլրդ դրամ ռիսկային է: Իսկ նրա թիկունքում նստած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, լսելով շուրջ 200 մլն ԱՄՆ դոլլարի հասնող չարաշահումների մասին, զարմացած արձագանքեց.
«Փաստորեն մենք թալանչիների հետ գործ ունենք, այս հաշվետվությունից հետո ի՞նչ պատասխան են տալիս այդ մարդիկ, սրա վերջին ի՞նչ է լինելու»:
Չնայած Թևան Պողոսյանի կողմից այս ամենում դրականը գտնելու ցանկությանը, այնուամենայնիվ, մենք նկատեցինք, որ վերոհիշյակ քննարկման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին մեղադրեց որոշ անպատախանատու հայտարարությունների մեջ, և հաշվետվության որոշ գնահատկաններ պարզապես «հեքիաթներն» են:
«Պարո՛ն Հովսեփյան, Ձեր խնդիրն է լինել հստակ և կատարել օրենքի պահանջները: Անկախ նրանից, ՎՊ-ն Ձեզ հաշվետվություն է ուղարկել, չի ուղարկել: Հրապարակվե՞լ է, հնչե՞լ է, պարտավոր եք ուսումնասիրել և տալ դրան իրավական գնահատական: Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ և հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են»,- դիմելով ՀՀ գլխավոր դատախազին` ասել էր Սերժ Սարգսյանը:
Արդյոք սա՞ էր դրական արդյունքը: Մեր հարցին ի պատասխան Թևան Պողոսյանը պատասխանեց. «Դա էլ մի դրական արդյունք է այն առումով, որ նրանք հասկացել են, որ պետք է սկսեն ավելի լուրջ ուշադրություն դարձնել Վերահսկիչ պալատի հաշվետվություններին: Դրանք Սերժ Սարգսյանի գնահատականներն են, և ես չեմ ցանկանա դրանք մեկնաբանել, քանի որ հաշվի եմ առնում, Ազգային ժողովը նույն ձևով, ոնց լսել է և նաև այն մարմինն է, որտեղ Վերահսկիչ պալատի ներքո աշխատանքն է կատարում, մենք մեր խնդիրներն ունենք անելու: Մնացած բոլորի գնահատկաններն այս պարագայում ինձ ավելի քիչ են հետաքրքրում»:
Ի դեպ, մեկ այլ հարցին, թե արդյոք ԱԺ-ում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հնչեցրած գնահատականները քաղաքակա՞ն էին, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ քաղաքական ամբիոնից հնչած բոլոր գնահատականներն էլ կարող են լինել քաղաքական: