Արմեն Աշոտյան. ՀՀԿ-ն կլոնների կուսակցություն չէ
«ՀՀԿ-ն կլոնների կուսակցություն չէ: Մենք անհատների և անհատականությունների կուսակցություն ենք: Մենք իրարից տարբերվում ենք և պետք է մարդիկ իրարից տարբերվեն: ՀՀԿ վերաբերյալ անհանգստություների կարիք չկա, ՀՀԿ-ն քաղաքական տեսանկյունից ամենականխատեսելի ապագա ունեցող կուսակցություններից է:
Ցավով նշեմ՝ թուլացած ընդդիմության պարագայում իշխանությունն իր մեջ պետք է ստեղծի տեսական այլակարծության որոշակի հնարավորություններ՝ առաջ գնալու համար: Բազմակարծությունն ընդունելի է մինչև որոշումների կայացումից առաջ»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե ՎՊ զեկույցի հետ կապված տեղի ունեցած բոլոր իրադարձությունները նշանակո՞ւմ են արդյոք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի թևերի միջև ընթացող պայքարի հետևանք են:
«Կոռեկտ չեմ համարում կուսակցության քննարկումից առաջ կարծիք հայտնել կառավարության շենքում: Դեռ հնարավորություն կունենամ իմ կարծիքը հայտնելու»,- հավելեց Աշոտյանը:
Ըստ նրա՝ այս ամենից հետո Իշխան Զաքարյանի հրաժարականի անհրաժեշտությունը կերևար նախագահի ելույթում:
«Բյուջեն թալանված չէ, «թալանված», «լափված» բառերը ՎՊ հաշվետվությունում չկան: Քաղաքական գործիչների կարծիքները ես չեմ մեկնաբանում»,- ասաց Աշոտյանը: