Բաժիններ՝

Դումանյանը կմասնակցի Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վաղը` հուլիսի 2-ին, կմեկնի ԱՄՆ` մասնակցելու Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում հուլիսի 3-7-ը կայանալիք Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի աշխատանքներին։

Նախատեսվում է, որ նախարարը հանդես կգա ծավալուն ելույթով և կներկայացնի Հայաստանի առողջապահության ոլորտում առկա իրավիճակը, ընթացող բարեփոխումները և ապագա ծրագրերի նկատմամբ մոտեցումները։ Կլինեն նաև քննարկումներ։

Տեղեկացնենք, որ համագումարը կազմակերպել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեն` AMIC-ը։  1979 թվականին ստեղծված այս կազմակերպության նպատակն է համախմբել աշխարհի տարբեր երկրներում սփռված հայ բժիշկների ջանքերը Հայաստանի  առողջապահության համակարգին աջակցելու գործում։

Հայ բժիշկների առաջին միջազգային համագումարը տեղի է ունեցել 1974 թվականին Բեյրութում։ Այնուհետև չորս տարին մեկ համագումարներ են անցկացվում տարբեր մայրցամաքների տարբեր երկրներում։ ՀՀ առողջապահության նախարարության և Հայ բժիշկների միջազգային կոմիտեի միջև  ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2003 թվականից Հայ բժիշկների միջազգային համագումարներն անց են կացվում Հայաստանում և Սփյուռքում` համապատասխանաբար երկու տարին մեկ` մայր հայրենիքում Հայաստանի միջազգային բժշկական համագումար, իսկ սփյուռքում՝ Հայ բժիշկների համաշխարհային համագումար ձևաչափերով։ Հայաստանում վերջին անգամ միջազգային բժշկական 3-րդ համագումարը տեղի է ունեցել 2011-ին։

Հավելենք նաև, որ դեռ մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, ընդունելով Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանին, նրա հետ քննարկել է ինչպես սփյուռքահայ բժիշկների կողմից Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում իրականացվող բժշկական ու կրթական առանձին ծրագրերը, այնպես էլ Լոս Անջելես քաղաքում տեղի ունենալիք Հայկական բժշկական համաշխարհային 11-րդ համագումարի կազմակերպական հարցեր։

ՀՀ առողջապահության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031