Բաժիններ՝

Սև ամպեր՝ Իշխան Զաքարյանի գլխին

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթը բավականին կոնկրետ էր։ Մեսիջներ գրեթե չկային. կար կոնկրետ քննադատություն և մեղադրանք։ Եվ այդ մեղադրանքն առաջին հերթին՝ ուղղված էր Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանին։ Ս. Սարգսյանը նախ՝ մի թեթև կարևորեց  ՎՊ-ի դերը՝ նշելով, որ բոլոր գերատեսչությունները պետք է զգան Վերահսկիչ պալատի հայացքը, Վերահսկիչ պալատի ձեռքը։

Սակայն, իր իսկ խոսքերով, արեց մի քանի դիտարկումներ, որոնք մեղմից անցում կատարեցին ամենախիստ ձևակերպումների։ Նախագահը նախ՝ նշեց, որ Վերահսկիչ պալատը պետք է սկզբունքային լինի բոլոր ծրագրերի նկատմամբ, և հավասարապես օբյեկտիվ լինի բոլոր դեպքերում: Այսինքն՝ ակնարկեց, որ կա խտրական վերաբերմունք։

Երկրորդ՝ կարևորեց, որ թերությունները հայտնաբերվեն ոչ թե 1, 2, 3 տարի հետո, այլ ընթացքում: «Սա նորմալ, կանխարգելիչ գործողություն է, որ պետք է իրականացնել, և դա շատ ավելի արդյունավետ կլինի»,- ասաց նա: Սա էլ նշանակում է, որ ՎՊ-ն դանդաղկոտ է գործում։

Եվ, վերջապես, կարելի է ասել, որ խիստ անբավարար գնահատեց ՎՊ աշխատանքի արդյունավետությունը՝ հարցականի տակ դնելով ընդհանրապես այդ կառույցի գոյության նպատակահարմարությունը։ «Վերահսկիչ պալատի գործունեությունը պատկերացնում եմ՝ որպես ուժեղ աուդիտորական ընկերության գործունեություն: Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի: Եվ եթե նայենք հաշվետվությունները և ստուգումների արդյունքները, անմիջապես կտեսնենք՝ խոսքը զուտ միայն ֆինանսական խախտումների մասին է: Վերջը եթե այդպես է, մենք ինչի՞ ենք Վերահսկիչ պալատ ստեղծել: Եթե ՎՊ-ն կատարելու է նույն աշխատանքը, ինչ կատարում է Ֆինանսների նախարարության Վերստուգիչ, վերահսկող վարչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել՝ անկախ մարմին, ինչո՞ւ ենք մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը վճարում: Հսկայական ապարատ ենք պահում: Այստեղ պետք է մենք շատ լրջորեն զբաղվենք և՛ գործունեության վերակառուցմամբ, և՛, եթե անհրաժեշտ է, ապա նաև օրենսդրական փոփոխություններով»,- ասաց Ս. Սարգսյանը։

Սակայն այս ամենը ընդհանուր՝ կառուցվածքային բնույթի քննադատություններ էին։ Իշխան Զաքարյանի համար ամենատհաճը, թերևս, կոնկրետ իր անձին և իր արտահայտություններին վերաբերող մասն էր։ Հատկապես, երբ որպես զուսպ կեցվածքի օրինակ՝ նշվեց Ստեփան Մնացականյանի անունը։ «Քանի որ մենք աշխատում ենք բաց, հրապարակային դաշտում, պիտի կարողանանք առավել հավասարակշիռ լինել մեր արտահայտություններում և որակումներում, որպեսզի չվնասենք մեր գործառույթից դուրս այլ գործընթացներին, որպեսզի ավելորդ ընկալումներ չլինեն հասարակությունում: Պալատի գործը խնդիրները վեր հանելն է՝ դրանք առաջ բերող բոլոր կառուցվածքային, կանոնակարգային և մարդկային գործոնների հետ միասին: Պրոֆեսիոնալ մարմինը, գրավոր թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ, պետք է, պարտավոր է հրամցնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ: Ճիշտ այնպես, ինչպես աշխատում է մեր Ազգային վիճակագրական ծառայությունը: Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը կարողանա Ստեփան Մնացականյանին հունից հանել կամ ստիպել, որպեսզի նա բացատրի իր հրապարակած որևէ թվի պատճառները կամ հետևանքները: Ստեփան Մնացականյանի գործն արձանագրելն է, թե որքան տնտեսական աճ ունեցանք, օրինակ: Նրա խնդիրը չէ, որպեսզի ասի, որ Էկոնոմիկայի նախարարությունը վատ աշխատեց, դրա համար մենք ունեցանք տնտեսական անկում: Դա բոլորովին այլ մարդկանց խնդիր է, դա քաղաքական գործիչների խնդիրն է, վերադասի խնդիրն է, փորձագետների խնդիրն է, ի վերջո, դա զանազան մասնագետների խնդիրն է, բոլորի խնդիրն է, բացի կոնկրետ պրոֆեսիոնալ մարմնից»:

Ավելին՝ նախագահը ՎՊ նախագահին մեղադրեց սեփական փիառն անելու մեջ և կոչ արեց սեփական կարծիքը չդարձնել հրապարակային քննարկման առարկա։  «Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք Դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք՝ դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել»,- ասաց Ս. Սարգսյանը՝ նշելով, որ մեկը մի քիչ ավելի էմոցիոնալ է, մյուսը՝ մի քիչ ավելի հանգիստ, հանդարտ է, բայց դա չի նշանակում, որ «մենք տարբեր ամբիոններից, տարբեր տեղերից պետք է փորձենք մեր անձնական փիարն անել: Բացառվում է: Ես այդպիսի մոտեցումներին կատեգորիկ դեմ եմ»:

Իսկ թե կոնկրետ ո՞ր արտահայտությունն էր զայրացրել Սերժ Սարգսյանին, դա երևաց արդեն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված խոսքերում։ «Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ, վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել, այդ հաշվետվությամբ և հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են»: Նախագահին զայրացրել է այն, որ փոխանակ այդ հարցերը հրապարակային քննարկելու՝ պաշտոնյաները հարցերը լուծում են միմյանց զանգահարելու միջոցով, ինչի արդյունքում՝ «ամբողջ հասարակությունը խոսում է նրա մասին, որ 700 մլրդ փող են լափել»:

Եվ անմիջապես այդ խոսքերից հետո հնչում է մի տեքստ, որն անորոշության տարրեր է պարունակում, սակայն շատ կոնկրետ և, թերևս, ամենավտանգավոր մեղադրանքն է Իշխան Զաքարյանի հասցեին.

«Պարզ քաղաքացին իրավունք ունի այդպես մտածելու, բայց մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, չէ՞, որ դա մեր բյուջեի 70 տոկոսն է, և այդ 700 մլրդ ծառայություններ կամ շինարարություն կատարելու համար չէ, ծառայություններ կամ ապրանքներ ձեռք բերելու կամ շինարարություն կատարելու համար չէ: Ակնհայտ է, չէ՞, այդ թիվը հնչել է միտումնավոր, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, այդ թվի 1/3-րդ-ը գրեթե տնօրինում է Պաշտպանության նախարարությունը, իսկ ՊՆ-ի տնօրինած միջոցների գրեթե 50 տոկոսն աշխատավարձ է: Այսինքն՝ ո՞վ է իրեն իրավունք վերապահում այդպիսի հայտարարություններ անել ու դրանից հետո պատասխան չստանալ: Անթույլատրելի է սա: Բայց դա ձեր գործն է, դուք պետք է դա անեք»:

Այլ կերպ ասած՝ ստացվում է, որ Իշխան Զաքարյանը միտումնավոր «բոչկա է գլորել» Պաշտպանության նախարարության կամ կոնկրետ նախարար Սեյրան Օհանյանի ուղղությամբ։ Սա իրականում ծանր մեղադրանք է։ Առավելևս, որ Ս.Սարգսյանն ինքն է ասում՝ ո՞վ կարող է պատասխան չտալ դրա համար։ Մնում է սպասել՝ տեսնելու համար, թե այդ պատասխանն ի՞նչ տեսքով կլինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս