Սերժ Սարգսյանն ընտրեց Տիգրան Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի ունեցած քննարկումը, ինչպես ասում են, դեռ շատ ջուր կքաշի: Բավական ծավալուն ելույթում Սերժ Սարգսյանը, տեղ-տեղ՝ ուղղակի, ավելի շատ՝ անուղղակիորեն անդրադարձել է ներիշխանական վերջին խմորումներին, հատկապես Վերահսկիչ պալատի աղմկահարույց զեկույցից հետո իշխանության թևերի միջև գրեթե բացահայտ դարձած դիմակայությանը: Անդրադարձել ու, ըստ էության, ցույց է տվել, թե «ում կողմից է ինքը»:

Վերահսկիչ պալատի (ՎՊ) հաշվետվությանը Սերժ Սարգսյանի վերաբերմունքը,  մեղմ ասած, արտահայտված է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հասցեին նրա ելույթում հնչած՝ ամենևին ոչ մեղմ ձևակերպումներում ու որակումներում:

«Ես ընդհանրապես Վերահսկիչ պալատի գործունեությունը պատկերացնում եմ՝ որպես ուժեղ աուդիտորական ընկերության գործունեություն: Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի…», «Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե Դուք ի՞նչ կարծիք ունեք Դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել..», «Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ, վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է… »:

ՎՊ նախագահին ուղղված հանդիմանանքն արտահայտող մեջբերումներն այսքանով չեն սահմանափակվում, բայց ընդհանրացնելով դրանք՝ կարելի է արձանագրել. Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահին ասել է. «Իշխան, սիրուն չի»: Ընդ որում՝ ասել է, առանց «ջան»-ի: Դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնք, ի դեպ, ևս ուրվագծել է Սերժ Սարգսյանն իր ելույթում՝ Իշխան Զաքարյանին ուղղված քննադատությունը զուգակցելով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին  ուղղված հանդիմանանքով՝ ՎՊ-ի հաշվետվություններին արագ չարձագանքելու և դրանք չհերքելու համար:  «ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել: Եվ եթե այդպիսի արտահայտություն ինչ-որ դեպքում չի եղել, դրա մասին մամուլը գրում է, ՎՊ նախագահը պարտավոր է բացատրություններ տալ մամուլին: Այդ դեպքում ինչպե՞ս կլինի, ի՞նչ ասեմ, օրինակ, երբ ՀՔԾ ղեկավարը սկսի գնահատել ՎՊ-ի աշխատանքը: Այդպես մենք ո՞ւր կհասնենք»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ պարզ ակնարկելով, որ Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) էլ նույն հաջողությամբ կարող է զբաղվել ՎՊ-ի գործունեությամբ:

Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված քննարկման մի շարք նրբերանգներին անդրադառնալու առիթներ առաջիկայում կլինեն: Մինչ այդ ընդամենը կարելի  է արձանագրել, որ այսօրվա քննարկմամբ Ս. Սարգսյանն ակնհայտորեն ցույց տվեց, որ Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան դիմակայության մեջ ինքը պաշտպանում է վարչապետին՝ դրանից բխող հետևանքներով: Այդ հետևանքների մասին Ս. Սարգսյանը ևս ակնարկել է.

«Եվ, վերջապես, իհարկե, մենք կխոսենք նաև, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետև դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպե՞ս կվարվենք»: Այս հայտարարության շեշտադրումից ակնհայտ է, որ «քաղաքական մեծամասնության պահվածքը», մեղմ ասած, դուր չի եկել Ս. Սարգսյանին: Իսկ այդ «պահվածքի» ամենացայտուն դրսևորումը ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու նրա ազդեցության տակ գտնվող ՀՀԿ-ական պատգամավորների հայտարարություններն էին՝ «պետական փողերը լափողներին», «բյուջեից փող գողացողներին» չհանդուրժելու մասին: Այնպես որ, այսօրվա քննարկումից հետո կարող է կասկածի տակ հայտնվել ոչ միայն ՎՊ, այլ նաև ԱԺ նախագահի հետագա պաշտոնավարումը, ինչի մասին, ի դեպ, իշխանական կուլիսներում վերջին շրջանում լուրեր էին պտտվում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանին Ս. Սարգսյանի աջակցությունն անուղղակիորեն արտահայտվեց ևս մեկ առումով: Ս. Սարգսյանը ծավալուն ելույթում որևէ խոսք չասաց «օֆշորային սկանդալի» մասին, որն իր հանրային հետաքրքրությամբ ու հնչեղությամբ չի զիջում ՎՊ-ի հաշվետվությանը:

Տեսանյութեր

Լրահոս