Բաժիններ՝

Սերբական դրաման՝ «Սանդենսից»՝ «Ոսկե ծիրան» (տեսանյութ)

Սերբական կինոյի ամենահաջողակ գործիչներից մեկը՝ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչը, «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացրել է իր նոր ժապավենը՝ «Պարունակները»:

Գոլուբովիչը, ով իր կարիերան սկսել է կարճամետրաժ ֆիլմերով, առաջին լիամետրաժ ժապավենը նկարահանել է 2001 թվականին: Սակայն, ռեժիսորին համաշխարհային համբավ բերեց 2007թ. նկարահանված «Թակարդը» ժապավենը, որի պրեմիերան տեղի ունեցավ Բեռլինի միջազգային կինոփառատոնում. այս ֆիլմը նույնիսկ հայտնվել էր «Օսկարի» հավակնորդների կարճ ցուցակում:

«Պարունակները» դրաման նույնպես հասցրել է տարբեր մրցանակներ ստանալ: Բեռլինի կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում այն արժանացել է էկումենիկ ժյուրիի մրցանակին, իսկ «Սանդենս» փառատոնում՝ Ժյուրիի հատուկ մրցանակին:

Ֆիլմի սյուժեի հիմքում բոսնիական պատերազմը և դրա հետևանքներն են: 1993-ին սերբ զինվոր Մարկոն ականատես է դառնում երեք զինվոր ընկերակիցների բիրտ բռնությանը մահմեդական քաղաքացիական Հարիսի դեմ: Մարկոն միջամտում և փրկում է Հարիսին, բայց գազազած զինվորները ծեծելով սպանում են նրան: 2008 թվական. պատերազմն ավարտված է, մինչդեռ հակամարտության վերքերը դեռ բաց են: Մարկոյի հայրը եկեղեցի է վերակառուցում, նրան օգնություն է առաջարկում Մարկոյին սպանողներից մեկի որդին: Հայրը երկմտում է առաջարկն ընդունելու վերաբերյալ: Մարկոյի ընկերը, ով հայտնի վիրաբույժ է Բելգրադում, կանգնում է ահավոր երկընտրանքի առաջ, երբ պետք է վիրահատի մահվան շեմին գտնվող մի զինվորի: Իսկ Հարիսը, որն այժմ բնակվում է Գերմանիայում, իր փրկության համար վարձահատույց լինելու բացառիկ հնարավորություն ունի:

Հուլիսի 7-ից 14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Պարունակները» դրաման կհայտնվի երևանյան կինոէկրաններին:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս