«Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարությունը
«Հունիսի 29-ին կլրանա «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դրա սեփականատեր, հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի (հանրությանը հայտնի է Նեմեց Ռուբո մականվամբ) թիկնազորի կողմից դաժանաբար ծեծի արդյունքում իր մահկանացուն կնքած ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի տարելիցը:
Գործող վարչախմբի ներկայացուցիչները մեկ տարի առաջ կոչ էին անում հանրությանը չշտապել գնահատական տալ ստեղծված իրավիճակին և սպասել արդարադատության համակարգի եզրակացությանը։ Սակայն դատարանի դահլիճում ամբաստանյալների գնալով լկտիացող կեցվածքը, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանի՝ տուժողների նկատմամբ արտահայտած հոխորտանքև վկայում է սպասելի արդյունքի մասին՝ այս գործով մեղադրվողներին ապահովագրել արժանի պատիժ կրելուց::
«Հարսնաքարի» դեպքերի դատավարությանը զուգահեռ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը շուրջ ինը ամիս շարունակ քննում էր և արդեն իսկ հրապարակել է պատվի և արժանապատվության պաշտպանության, զրպարտության դեմ երկու հայցերով՝ «Դավիթ Սանասարյանը ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի» և «Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի» գործերի վճիռները: Իսկ այսօր` կհրապարակի նաև «Գարեգին Չուգասզյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի» գործով վճիռը:
Այս բոլոր գործերի քննության ընթացքում, ինչպես և սպասվում էր, արդար դատական պաշտպանության հիմնարար իրավունքը նորից պետք է բռնաբարվեր, և, առաջին երկու հայցադիմումները մերժվեցին «հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով»:
Անցած ամիսների ընթացքում հատկանշական է նաև Սերժ Սարգսյանի կողմից Ռուբեն Հայրապետյանի պարգևատրումը:
Ակնհայտ է, որ սեփական ժողովրդից օտարացած մի ողջ դատա-իրավական համարվող համարվող համակարգ լծվել է Ռուբեն Հայրապետյանի պաշտպանության գործին:
Հասարակության հանդեպ նման լկտի արհամարհանքի հետևանքով վերջերս տեղի ունեցավ նույնպիսի ստոր հանցագործություն, որի արդյունքում ծանր վիրավորվել է Հայոց բանակի մի այլ սպա, իսկ նրա եղբայրը սպանվել է։ Իսկ պատկան դատախազական մարմնի ղեկավարը հանցագործության հաջորդ օրն իսկ, խախտելով բոլոր կանոնները, հայտարարում է, որ մարզպետը հանցագործության վայրում չի եղել, դրանով իսկ ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության ելքը։
Մոտենում է հանրության կողմից որակապես այլ եզրակացության անելու ժամանակը: Դրա մասին զգուշացրել էր «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը դեռևս անցյալ տարվա աշնանը:
Այն ժամանակ իսկ գիտակցում էր վարչախմբի պարզ հաշվարկը ՝ ժամանակ ձգել մինչև հանրային ուշադրությունն ու աղմուկը կնվազի և իշխող համակարգը ինչպես նախորդ տարիներին, հերթական անգամ ևս կկոծկի գործը և արժանի պատժից կազատի յուրայիններին: Դատավարության պրոցեսը արհեստականորեն երկարաձգվող գործընթացների միջոցով հասարակական ընդվզումը մաշեցնելու մարտավարությանը՝ շարժման կողմից հակադրվեց ասիմետրիկ մարտավարություն՝ ժամանակավորապես թուլացնելով հանրային ճնշումը, նախապատրասել հանրային արդարադատության ատյանի ստեղծման գործընթացը:
Հիշեցնենք, որ «Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խումբը,
առաջնորդվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով և դրանցից բխող ու պետության համար առանցքային համարվող պաշտպանության պատասխանատվության թելադրանքով,
գործելով անցյալում բռնարարքներին պատշաճ իրավական գնահատական չտված ու կատարողներին հովանավորող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հիմնարար պետական գործառույթի խախտմամբ հանրապետությունը բռնապետության փոխակերպելու փորձերը կանխարգելելու հաստատակամությամբ,
ձգտելով հասարակությանը զերծ պահել բռնարարքներին բռնարարքներով պատասխանելուց,
հիմնվելով միջազգային իրավական պրակտիկայում կիրառվող Անցումային Արդարության սկզբունքների վրա (Նյուրեմբերգյան դատավարության, ինչպես նաև տարբեր բռնապետական ռեժիմներից անցում կատարած երկրների փորձի հաշվառմամբ)
նպատակ ունենալով երկրում ստեղծել բնական արդարության վրա խարսխված արդարադատության համակարգի սաղմեր, հայտարարեց.
Հայաստանի Հանրապետությունում առկա արդարության ճգնաժամի, մասնավորապես՝ իրավապահ և արդարադատության մարմինների ու պաշտոնատար անձանց հանցավոր անգործության, հանցագործությունները դիտավորությամբ և համակարգված կերպով կոծկելու և դրանք կատարող անձանց հովանավորելու պայմաններում Հանրային Արդարության Տրիբունալ ստեղծելու գործընթացի անհրաժեշտության մասին։
Հանրային Արդարության Տրիբունալի հիմնական գործառույթներից պետք է լինեն.
– իշխանական համակարգի ներկայացուցիչների կամ նրա շահառուների կատարած հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, դատաիրավական մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ առնչվող անձանց գործունեության վերահսկողությունը և նրանց գործողություններին պատշաճ ու հիմնավոր իրավաքաղաքական գնահատականներ տալը,
– բռնարարքների զոհերի արժանապատվության պաշտպանության և հանրության իրազեկման նպատակով մասնագիտական ու հասարակական-քաղաքական եզրակացությունների հրապարակումը.
– արդարադատության իրականացումից զրկած հասարակության հոգեբանական վերաբերմունքի ու վարքի ուղղորդումը արժանապատվության և բնական իրավունքների ու արդարության ճանապարհով, այսպիսով կանխելով գործող դատաիրավական համակարգի`հասարակությանը ինքնադատաստանի մղելու ներկայիս աղետաբեր ընթացքը:
Միևնույն ժամանակ` Շարժման նախաձեռնող խումբը.
– դիտավորյալ գործողություններով արդարադատությունը խափանած ու արդարադատական համակարգը որպես հանցագործության կոծկման և պաշտոնեական հանցագործությունների կատարման գործիք օգտագործելու փորձ կատարող պաշտոնյաներին հիշեցնում է օրենքի առջև նրանց պարտականության ու անհատական պատասխանատվության կանչվելու անխուսափելի հեռանկարի մասին:
«Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խումբը, հայտարարում է,
որ մեկ տարի ձգվող Վահե Ավետյանի սպանության գործը վառ օրինակ է հանդիսանում և մատնացույց անում ազգակործան ու պետականադրույժ քաղաքականության մասին:
Մեր երկրում ձևավորված անպատժելիության, ամենաթողության ու անհանդուրժողական գաղջ մթնոլորտի անանցանելիությունն ստիպում է մեզ համագործակցելով բոլոր շահագրգիռ հասարակական կառույցների հետ՝ մեկնարկել Հանրային Արդարության Տրիբունալ ստեղծելու գործընթացը»:
28.06.2013 թ.