
«Մի շիշ գարեջուր եմ խմել ու ուզում էի գնայի հորս գերեզման»,- ասել է ձորն ընկած «ԳԱԶել»-ի վարորդը

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Նոր Խարբերդի 3-րդ փողոցի բնակիչ, 43-ամյա Մանվել Հարությունյանը, վարելով ГАЗель մակնիշի 35 03 Տ համարանիշի ավտոմեքենան, Շենգավիթի նոր ստեղծված գերեզմանոցում, ըստ իր հայտարարության, կայանել է ավտոմեքենան և իջել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոշ ժամանակ անց Մ. Հարությունյանը նկատել է, որ ավտոմեքենան հետընթաց շարժվել և 100 մետր գնալով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Ներսես Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննիչի հարցին, թե վարորդը ոգելից օտագործել է, թե՝ ոչ, նա պատասխանել է. «Մի շիշ գարեջուր եմ խմել ու ուզում էի գնայի հորս գերեզման»: Նշված ГАЗель-ը պատկանում է «Ուղևորատար» ՍՊԸ-ին և սպասարկում է թիվ 58 երթուղին՝ Կիևյան կամրջից մինչև Նոր Խարբերդ երթուղով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ամբողջական հրապարակումը՝ shamshyan.com-ում