Հայաստանցիները 6 անգամ ավելի շատ փող են ստացել արտերկրից, քան ուղարկել
ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց՝ առանց բանկային հաշվի բացման փոխանցումները կատարվում են առևտրային բանկերի և դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով:
Ինչպես նշվում է ԿԲ առաջին եռամսյակի բանբերում, միջազգային դրամական փոխանցումների համակարգերին մասնակից առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետություն փոխանցումների ծավալը 2013 թ. առաջին եռամսյակում կազմել է 116.7 մլրդ դրամ (քանակը՝ 755 հազար), որը 6.2 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը: Այդ համակարգերով ստացված միջոցների ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 16%-ով: Միջազգային դրամական փոխանցումների համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 204 հազար դրամ: Առևտրային բանկերի միջոցով միջազգային դրամական փոխանցումների համակարգերով դրամական միջոցների զուտ ներհոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16%-ով և կազմել 97.9 մլրդ դրամ:
ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղված վճարումները կազմել են 55.3 մլրդ դրամ` նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել են 24%-ով: Մեկ վճարման միջինը կազմել է 4.4 մլն դրամ, որը 2012 թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 2.2 մլն դրամով: Միաժամանակ, բանկերի թղթակցային հաշիվներով
ֆիզիկական անձանց փոխանցումներն արտասահման կազմել են 56.0 մլրդ դրամ. նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել են 17.2%-ով (8.2 մլրդ դրամով):