Տարազբաղը
Դեռևս 2013թ. մարտից «168 Ժամի» լրագրողը հարցազրույց է խնդրել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից: Սկզբում այդ նպատակով լրագրողը դիմել էր նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանին: Այս ընթացքում թե՛ նրա, թե՛ նախարար Արամ Հարությունյանի կողմից լրագրողը ստացել է հավաստիացումներ, որ որոշ ժամանակ անց կնշանակվի հարցազրույցի օրը:
Ավելին, մարտի 26-ին էլեկտրոնային եղանակով նախարարությունում ստացել են հարցերի նախնական ցանկը, որոնք վերաբերում են բացառապես բնապահպանության ոլորտի խնդիրներին: Քանի որ մինչ այժմ նշանակված չէր հարցազրույցի օրը, հունիսի 10-ին գրավոր հարցումով դիմել էինք նախարարին՝ խնդրելով որոշակիացնել՝ կամ նշանակել հարցազրույցի օրը, կամ տեղեկացնել հարցազրույցից հրաժարվելու մասին:
Երեկ «168 Ժամը» ՀՀ բնապահպանության նախարարությունից շատ զավեշտալի նամակ ստացավ, որով նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը հայտնել է. «Ի պատասխան Ձեր 2013թ. հունիսի 10-ի հարցման, հայտնում եմ, որ բազմազբաղության պատճառով ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանն առաջիկա մեկ ամսում չի կարող հարցազրույց տալ: Հարցազրույցի անցկացման վայրի և ժամանակի մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»:
Հաշվի առնելով Արամ Հարությունյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանի բնապահպանության ոլորտում արձանագրված խայտառակ պատկերը, հանքարդյունաբերության հետևանքով բնությանը հասցված վնասի ծավալները, կարելի էր ենթադրել, որ սույն պաշտոնյան իրականում ոչնչով չի զբաղվում:
Պարզվում է, սակայն (ըստ նրա ենթակայի պատասխանի), նա ոչ թե զբաղվում է, այլ՝ բազմազբաղվում: Մնում է ենթադրել, որ նրա բազմազբաղվածությունը բնապահպանության հետ որևէ առնչություն չունի և կապված է, ասենք, սեփական բիզնեսի հետ, այսինքն՝ նա իրականում ոչ թե բազմազբաղ է, այլ տարազբաղ: Ինչ վերաբերում է հարցազրույցին, մեր լրագրողը մեծ հաշվով Արամ Հարությունյանից պետք է փորձեր ճշտել՝ ինչո՞վ է նա զբաղված եղել վերջին մի քանի տարիներին, որ մեր բնապահպանությունը հասցվել է այս վիճակին: