«Արմավիա»-ում ստուգումները կսկսվեն հունիսի 28-ից հետո
Աշխատանքի պետական տեսչությունը չի կարողանում «Արմավիա»-ում ստուգումներ իրականացնել, քանի որ ընկերության գրասենյակում հայտնում են, թե ընկերության տնօրեն Նորայր Բելույանը բացակայում է հանրապետությունից եւ հանրապետությունում կլինի հունիսի 28-ին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը: «2013թ-ի հունիսի 21-ից հանձնարարագիր է տրվել` «Արմավիա ընկերությունում իրականացնելու ստոգումներ: Հունիսի 24-ին ստուգում սկսելու նպատակով մենք մտել ենք «Արմավիա ընկերություն: Նկատի ունենալով, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հանձնարարագիր ստորագրվի, եւ փաստաթղթերի տրամադրման հետ կապված հարցեր չառաջանան, եւ քանի որ այդ լիազորությունը միայն տնօրենինն է, տնօրենը խնդրել է, որ ամսի 28-ից հետո սկսենք ստուգումը, երբ ինքը կլինի հանրապետությունում»,- ասել է իրավական վերահսկողության բաժնի պետը: Արմավիա ընկերության 67 աշխատակիցներ իրենց չստացած աշխատավարձերի հետ կապված խնդրով դիմել էին հանրապետության Նախագահին, կառավարությանը եւ աշխատանքի պետական տեսչությանը: Բոլոր այդ դիմումները, Վարազդատ Դանիելյանի խոսքով, վերահասցեագրվել են տեսչությանը: Հունիսի 11-ին աշխատանքի պետական տեսչությունում կազմակերպվել է «Արմավիա» -ի հարցով վարչական լսում, որին մասնակցել են դիմումատուներն ու «Արմավիա-ի ներկայացուցիչը: Սակայն որեւէ եզրահանգում չի արվել, քանի որ անհրաժեշտություն է առաջացել ծանոթանալ ընկերության ունեցած փաստաթղթերին:
Նելլի Դանիելյան
Ամբողջական հրապարակումը՝ Փաստինֆո-ի կայքում