
Այսօրվա զորահանդեսը կազմակերպվել է ոչ թե ժողովրդի, այլ՝ էլիտայի համար. Turan (տեսանյութ)

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տասնյակ հազարավոր բաքվեցիներ և քաղաքի հյուրեր, որոնք դուրս են եկել փողոցներ՝ տեսնելու համար այսօրվա զորահանդեսը, հիասթափվել են:
Դրա պատճառն այն է, որ ոստիկանությունն ու քաղաքացիական համազգեստով անձինք փակել են ոչ միայն «Ազատության» հրապարակի մատույցները, այլև այն հատվածը՝ որտեղով անցելիս են եղել զորքերն ու տեխնիկան:
Փաստացիորեն հասարակ քաղաքացիները զրկվել են զորահանդեսը «կենդանի» դիտելու հնարավորությունից: Ընդ որում, ոստիկանները կոպտորեն հրել են քաղաքացիներին, որոնցից շատերը հատուկ եկել էին իրենց երեխաների հետ:
Ոստիկանները լուրջ խոչընդոտներ են հարուցել նաև լրագրողներին՝ արգելելով նկարահանումներ անցկացնել և անտեսելով նորմալ գործունեության համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ նրանց պահանջները:
Այսօրվա տոնից ընդհանուր տպավորությունն այն է, որ այն կազմակերպված է եղել ոչ թե ժողովրդի, այլ՝ այն էլիտայի համար, ով զորահանդեսին հետևել է տրիբունայից: