Բաժիններ՝

Աղթամար կղզում ընթացող վերանորոգման աշխատանքները կավարտվեն աշնանը

Թուրքական Risale Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում վերստին ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

Ավելի վաղ կղզում վերականգնողական աշխատանքները մեկնարկել էին 2005 թվականի մայիսի 20-ին և ավարտվել էին 2006 թվականի հուլիսի 21-ին: Այդ աշխատանքների վրա ծախսվել էր 4 միլիոն լիրա (1 դոլարը հավասար է 1.93 լիրայի):

Դրանից հետո 2007 թվականի մարտի 29-ին եկեղեցին վերաբացվել էր՝ որպես թանգարան: Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունն արտոնել էր տարեկան մեկ անգամ պատարագ անցկացնել եկեղեցում և վերանորոգումից հետո առաջին պատարագն անցկացվել էր 2010 թվականի սեպտեմբերի 19-ին:

Այժմ եկեղեցուց հետո սկսվել են տեղի վանքի ու մատուռի վերանորոգման աշխատանքները: Դրանք կարժենան 1.2 միլիոն լիրա: Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարվա ապրիլին և տևելու են 6 ամիս:

5000 քառակուսի մետր տարածքի վրա վերանորոգման աշխատանքներն իրականացնում է 50 հոգանոց խումբը: Վերանորոգման աշխատանքների շրջանակներում նախատեսված է կղզում տեղակայել անվտանգության տեսախցիկներ, որոնք կգործեն շուրջօրյա ռեժիմով:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե այս տարի Աղթամարի եկեղեցում պատարագն անցկացվելու է սեպտեմբերի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս