Կառավարությունը չի գնա շրջանառության հարկի մեղմացման
Այս տարվանից ներմուծված նոր հարկատեսակը՝ շրջանառության հարկը, կոչված էր իբրև թե պարզեցնելու վարչարարությունը և հեշտացնելու տնտեսվարողների կյանքը: Այն փոխարինեց պարզվեցված հարկին և, տարբեր պաշտոնյաների որակմամբ, դրա կատարելագործված տեսակն է և ունի բազում մեղմացումներ: Սակայն մեզ հետ զրույցներում բազմաթիվ փոքր ու միջին գործարարներ իրենց դժգոհությունն են հայտնել, որ 3.5% շրջանառության հարկը զգալի ծանրացրել է հարկային բեռը:
Գործող օրենսդրության համաձայն՝ փաստաթղթավորված կամ գրանցված ուղեկցող փաստաթղթերով ապրանքներով աշխատող տնտեսվարող սուբյեկտների համար հարկային խթաններ նախատեսված չեն: Շրջանառության հարկի կիրառումը մինչև 17.5% շահութաբերություն ունեցող առևտրի ոլորտի ձեռնարկությունների համար, մինչ այդ գործող ուղղակի հարկման պայմանների համեմատությամբ, հանգեցրել է հարկային բեռի ավելացման: Մինչդեռ, համաձայն ՀՀ կառավարության դիտարկումների՝ առևտրի ոլորտի փոքր ձեռնարկություններում միջին շահութաբերությունը կազմում է 10-12%: Ստացվում է, որ, օրինակ, ամսական 1 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտը պետք է վճարի ամսական 35 հազ. ՀՀ դրամ շրջանառության հարկ, իսկ մինչ 2013թ. հունվարի 1-ն այն վճարում էր 20-24 հազ. դրամ՝ 10-12% շահութաբերության դեպքում:
Միաժամանակ, շրջանառության հարկի կիրառման պայմաններում այլևս անհրաժեշտ չէ հիմնավորել ապրանքների ձեռքբերման չփաստաթղթավորված շրջանառությունը, սակայն, որն էլ խթանում է առավել խոշոր մատակարար տնտեսվարող սուբյեկտների ստվերային շրջանառությունը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն առաջարկել է նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափը. եթե առևտրական (առք ու վաճառքի) գործունեության ընթացքում ձեռք բերված ապրանքների առնվազն 50%-ը հիմնավորված է փաստաթղթերով, ապա շրջանառության հարկի դրույքաչափը հարկվող օբյեկտի նկատմամբ սահմանել 3%, եթե ձեռք բերված ապրանքները ամբողջությամբ հիմնավորված են փաստաթղթերով, ապա շրջանառության հարկի դրույքաչափը հարկվող օբյեկտի նկատմամբ սահմանել 2.5%:
Նոր օրինագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Սակայն, ինչպես ցանկացած օրենսդրական նախաձեռնության դեպքում, որը չի բխում կառավարությունից կամ իշխանական թևի ներկայացուցիչներից, այս դեպքում էլ ՀՀ կառավարությունը հավանություն չի տա օրինագծին: Որպես հիմնավորում՝ նշվում է, թե «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման կամ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպքում խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով գանձվում է տուգանք անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 50 %-ի չափով: Նույն խախտումը արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտման երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` ապրանքների գնի 100 %-ի չափով, իսկ խախտման երրորդ և ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի 200 %-ի չափով: Հետևաբար, եթե տնտեսվարող սուբյեկտները, չփաստաթղթավորելով իրենց գործարքները, կրում են ապրանքների գնի 50, 100 կամ 200 %-ի չափով տուգանք վճարելու ռիսկը, ապա ապրանքների գնի 0.5 կամ 1 %-ի չափով հարկի գումարի նվազեցումը չի կարող գործարքների փաստաթղթավորման խթան հանդիսանալ: