Նոր զարգացումներ ՀԱԿ դաշինքում

Հայ ազգային կոնգրես դաշինքի հետ իր համագործակցությունը սառեցրել է ևս մեկ` Ռուբեն Թորոսյանի «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունը, որն օրերս տեղեկացրել է դաշինքի կազմում մնացած կուսակցություններին` հանդիպումներին առժամանակ չմասնակցելու մասին:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Վերջինս նշեց, որ «ՄԻ-96»-ը համագործակցությունը սառեցնելու հայցով դիմել է` հետևյալ հիմնավորմամբ. «Իրենք ցանկանում են, որ ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը մնա դաշինքին, և ոչ թե նորաստեղծ ՀԱԿ կուսակցությունը»: Մակեյանի խոսքով` ՀԱԿ դաշինքից դուրս եկած ՀՀՇ-ն (ներկայիս ՀԱԿ կուսակցությունը), փորձում է տնօրինել ՀԱԿ դաշինքի ամբողջ գործունեությունն ու դառնալ նրա իրավահաջորդը: Իսկ սա, ըստ Մակեյանի, սխալ է, ինչն էլ դաշինքի մաս կազմող կուսակցություններին ստիպել է համախմբվել` իրավունքները պահպանելու համար:

«ՄԻ-96»-ն էլ, նրա հավաստմամբ, ավելի խիստ, ռադիկալ մոտեցումներ ունի այս հարցում և ցանկանում է, որ այն անձինք, ովքեր պատգամավոր են դարձել նախկին ՀՀՇ-ի շնորհիվ` Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը, մանդատները վայր դնեն, ապա դիմելով դատարան` ՀՀՇ-ի անունը` որպես ՀԱԿԿ, համարեն չեղյալ: «Մենք գտնում ենք, որ սա անիմաստ քաշքշուկ է, ինչն էլ դարձավ տարաձայնությունների պատճառ»,- ասաց Պ. Մակեյանը:
«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ նշեց, որ իրենց համար անընդունելի է ՀԱԿ կուսակցության պատգամավորներին մանդատից զրկելու և անվան կրկնության հարցը լուծելու պահանջներով դատարան դիմելու տարբերակը:

«ՀԱԿ դաշինքը հինգ տարի գոյություն ուներ, բայց Արդարադատության նախարարությունում գրանցված չենք եղել` որպես դաշինք: Եթե գրանցված լինեինք` խնդիր չկա, մենք կդիմեինք, որովհետև իսկապես մեր անունն են վերցրել: Հիմա, որ իմ անունը Սոս է, ես հո ինչ-որ մեկին չե՞մ կարող ասել` ինչի՞ եք ձեր անունն էլ Սոս դնում: Դա անձնական ցանկություն է: Հարցն ավելի շուտ բարոյական հարթության մեջ է: Իրենք իրավունք չունեին այս անունն իրենց կուսակցության վրա դնել:

Բայց պարզ է, չէ՞, ինչի են անում. ուզում են նախկին համբավն օգտագործեն, վերագրեն, այդ ամբողջ աշխատանքը վերագրվի իրենց, այն դեպքում, երբ ՀՀՇ-ն ավելի քիչ է արել համբավի հարցում, և ավելի շատ ստվեր է գցել դրա վրա»,- ասաց Ս. Գիմիշյանը` ավելացնելով, որ սա է պատճառը, որ իրենք չեն ցանկացել ընդառաջել «ՄԻ-96»-ի ավելի կոշտ դիրքորոշմանը:

Ինչ վերաբերում է Ռուբեն Թորոսյանի` մանդատները վայր դնելու պահանջին, որի հետ ևս իրենք չեն համաձայնել, Ս. Գիմիշյանը նկատեց, որ այդ պահանջի համար ևս բավարար հիմքեր չկան, որովհետև անկուսակցական անդամները, հնարավոր է` խորհրդարան անցնեն կուսակցություններից մեկի ցուցակով, բայց պատգամավորական աշխատանքի ժամանակ հրաժարվեն դրանից:

ՀԱԿ դաշինքի հանդիպումներին հիմա մշտապես մասնակցում են չորս` Կանաչների, «Ժողովրդավարական Հայրենիք», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» և «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, իսկ ՀԺԿ-ն, «Ազատություն», «Հայոց Հայրենիք» կուսակցություններն առայժմ չեն մասնակցում հավաքներին` «ոտքները կախ են գցում», թեպետ, Պետրոս Մակեյանի խոսքով, իրենց համաձայնությունը տվել են: «Մենք ակտիվ քննարկումներ ենք տանում: Օրակարգը հագեցած է: Քննարկել ենք ներկա քաղաքական իրավիճակը, զարգացումները և այլն: Հաջորդ շաբաթ էլ կրկին հանդիպում կունենանք»,- ավելացրեց Պետրոս Մակեյանը:

Սոս Գիմիշյանն էլ հայտնեց, որ ՀԱԿ դաշինքի հետ ժամանակին իրենց անդամակցությունը դադարեցրած կուսակցություններից ոմանց հետ միավորվելու քննարկումներ վարվել են, ինքն անձամբ մի քանիսի ներկայացուցիչների հետ հանդիպել է, բայց նրանք, Գիմիշյանի փոխանցմամբ, չնայած ՀԱԿ դաշինքի պահպանման հարցում դրական վերաբերմունքին, խնդրել են «պաուզա» տալ` սպասել քաղաքական զարգացումների ակտիվացմանը: Իրավական հարթության մեջ ՀԱԿ դաշինքը ՀԱԿ կուսակցությունից ունի մեկ պահանջ` հավասարապես բաշխել ընտրական հանձնաժողովի տեղերը.

«Ինչ իրենք արել` արել են, դա պետք է գնահատի հասարակությունը: Բանակցություններ այս հարցում ՀԱԿ կուսակցության հետ դեռ չկան, բայց առաջիկայում, կարծում եմ, կսկսենք` հարցն առաջ տանելու համար»: Մեր հարցին, թե ՀԱԿ կուսակցության կողմից հանձնաժողովների տեղերը զիջելու հնարավորություն տեսնո՞ւմ եք, թե՞ նրանք անդրդվելի են, Պետրոս Մակեյանն արձագանքեց. «Ամենատրամաբանական հարթության մեջ էլ պարզ է, որ եթե կառույցի տերը դաշինքն է, ինչո՞ւ պետք է դրան տնօրինի մեկը: Ի՞նչ տրամաբանությամբ»:

«168 ԺԱՄ»

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ ֆեյսբուքյան իր էջի միջոցով Ռուբեն Թորոսյանը հայտարարեց, թե «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահի տեղեկատվություն-հայտարարությունը ՀԱԿ-ում «մեր ինչ-որ «սառեցման» մասին, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում»: «Չի համապատասխանում իրականությանը նաև այն, որ մենք երբևէ միացել ենք ինչ-որ նախաձեռնության «նախկին ընդդիմադիր դաշինքի անդամ կուսակցությունների վերամիավորման համար»:

Տեսանյութեր

Լրահոս