Վանաձորի քաղաքապետը ճանապարհային լուսացույցների «հոգսից» էլ ազատվեց
Վանաձորի ավագանին հաստատեց Վանաձորի քաղաքային համայնքի հաշվեկշռում հաշվառված ճանապարհային լուսացույցները և այլ տեխնիկական միջոցները ՀՀ-ին նվիրատվությամբ հանձնելու և 2012 մայիսի 30-ի «ՀՀ ոստիկանությանը գույքը հանձնելու մասին» թիվ 21-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը:
Չնայած, զեկուցողի պատկերացմամբ, հարցն առաջացել էր ձևակերպումը ճշտելու նպատակով. «Նախկինում նախկին ավագանին հաստատել է, որ գույքը հանձնվի Ոստիկանությանը, ավելի ճիշտ ձևակերպումը կլինի` ՀՀ-ին»,- ասաց քաղաքապետարանի աշխատակիցը, բայց, ինչպես պարզվեց, դրանով քաղաքապետն ազատվում է լուսացույցների տեղադրման, փողոցների նշագծման աշխատանքներից, որոնք, քաղաքապետի համոզմամբ, մեծ «հոգս» են եղել համայնքի համար:
«Սկզբից ամբողջ ճանապարհների նշագծումը, ճանապարհային բոլոր նշանները տեղադրում էր Ոստիկանությունը, նաև սպասարկումը: Մի պահ հանձնեցին համայնքներին, համայնքներն էդքան հզորություն չունեն, որ էդ աշխատանքները կատարեն: Եվ հիմա մենք նորից վերադարձնում ենք ՀՀ-ին, Գույքի կառավարման նախարարությանը, ոչ թե Ոստիկանությանը. որը եղել է Ոստիկանությանը, չեղյալ ենք հայտարարում և հանձնում Գույքի կառավարման նախարարությանը: Դա, իհարկե, համայնքի օգտին է, որովհետև էստեղ բավականին մեծ գումարներ է պետք, որը համայնքը չունի: Եվ տարեկան ընդամենը 8 մլն դրամ գծանշմանն էինք հատկացնում և շատ չնչին գումար՝ լուսաֆորներին: Բայց հանձնելուց հետո լուսաֆորները լրիվ ժամանակակից լուսաֆորներ կտեղադրվի, քաղաքի բոլոր նշագծումները ամենաբարձր մակարդակով կարվի, նաև անհարկի բաներ չի լինի, եթե չի թույլատրում հոծ գիծը ընդհատվի, չի ընդհատվի»,- իր գոհունակությունը հայտնեց քաղաքապետ Դարբինյանը:
«Մենք ինչ անում էինք, իրանք ասում էին` լավ չեք անում, երբ որ իրանք էին սպասարկում ճանապարհը, իսկ հիմի իրանք էլ անում են»,- իր հասկացածը բարձրաձայնեց ավագանու «վաստակավոր» անդամներից Սեյրան Ղամբարյանը:
«Էլ չեք լսի, որ բյուջեում փող չկա, էլ էդ պատասխանը չեք լսի, միշտ կարվի էլի»,- նկատեց ավագանու անդամ Արտյոմ Գրիգորյանը: