Կոռուպցիոն հակակոռուպցիա. Գործնական առաջընթացն աննշան է
Հայաստանում սկսվել են Հակակոռուպցիոն 3-րդ ռազմավարության մշակման աշխատանքները: 2009-2012 թթ. ռազմավարության իրականացման նպատակով ստեղծվել էին տարբեր կառույցներ, որոնք կոչված էին պայքարելու կոռուպցիայի դեմ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողով, գանգատարկման հանձնաժողովներ և այլն: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահն է, սակայն այդ հանձնաժողովի աշխատանքը, մեղմ ասած, ակտիվ չի:
Իսկ օրերս ԵՄ ներկայացուցչության կողմից կազմակերպված Հայաստանի պետական հատվածում կոռուպցիայի վիճակի մասին սեմինարի ժամանակ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը տվել է իր դրական արդյունքները, կարևորել է վերլուծություններն ու կարգավորիչ գիլյոտինը, որի նպատակն է՝ ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների վերացումը:
168.am-ը CRRC-Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի ղեկավար Հեղինե Մանասյանից հետաքրքրվեց, թե տարատեսակ վերլուծություններն ու օրենսդրական փոփոխությունները կարո՞ղ են կրճատել կոռուպցիոն: Պատասխանը միանշանակ էր՝ իհարկե ոչ: Նրա խոսքով՝ դրանք միայն դաշտ են բացում՝ վերլուծությունները՝ մարդկանց մտայնության համար, օրենսդրական փոփոխություները՝ գործողություններ ծավալելու համար:
«Այդուհանդերձ, դա քիչ է: Պետք է ջանքեր լինեն պետական կառույցների կողմից, վերահսկողական մեխանիզմները պետք է աշխատեն, օրենսդրական դաշտի վերանայմանը պետք է հաջորդի այդ դաշտի գործադրումը: Այն, ինչ վերլուծություններից է գալիս և տարածվում է հ/կ-ների միջոցով, դա պետք է հասնի քաղաքացիներին, դառնա գործունեություն: Ստեղծվել և գործում են ՇՊԱԿ-երը, բայց դրանք փոքր օազիսներ են, համատարած գործողություն է հարկավոր, համատարած անընկալունակությունը, կոռուպցիոն ջրաղացին ջուր լցնելու քայլերը պետք է կանխվեն բոլոր մակարդակներում: Այդ դեպքում հնարավոր է փոփոխություն, նույնիսկ կարճ ժամանակում է հնարավոր, ինչը ցույց տվեց Վրաստանի փորձը»,- ասաց Հ. Մանասյանը:
Նրա գնահատմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարում գործնական առումով որոշ առաջընթաց կա, բայց այն ցանկալիից շատ հեռու է: «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիոն համաթվով Հայաստանը լավագույն դիրքերում չի աշխարհում, և ՀՀ-ն առանձնապես շատ առաջընթաց էլ չի արձանագրել:
Սակայն, ըստ Հ. Մանասյանի՝ այն, որ հարցն արդեն օրակարգում է, դա էլ է հասարակական մեծ նվաճում է: Մեր զրուցակիցը նշեց, որ մինչ հիմա փոփոխություններ կան մաքսային համակարգում, հարկային համակարգում էլեկտրոնային հաշվետվություններն են ներդրվել, այլևս պետք չի գնալ պետական ռեգիստր՝ ձեռնարկություն գրանցելու համար, դա կարելի է անել առցանց ռեժիմով:
«Հիմա խնդիրն այն է, որ քաղաքացիների մեծ մասը դրան տեղյակ չէ կամ դա կիրառելու հմտություններ չունի: Հանդիպակաց շարժում է պետք: Մի անգամ նույնիսկ կայացած գործարարը դժկամությամբ նշել էր, թե հարկային գործակալների ինստիտուտները փակել և բացում են առցանց ծառայություններ, փոխանակ ուրախանար, որ այլևս առնչություն չեն ունենա հարկային գործակալների հետ, բիզնեսը կծաղկի և անգործ մնացած գործակալներն են էլ կհամալրեն իր աշխատակիցների ցանկը: Նույնիսկ հաջողակ գործարարների շրջանում կոռուպցիոն վտանգների ընկալումը դեռևս ավելին ակնկալելու տեղ է թողնում»,- ասաց Հ.Մանասյանը: