Ազատամարտիկները հրաժարվում են երկրապահ դառնալ

Երեկ խորհրդարանն ընդունեց ԱԺ պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Թվում է, թե այս օրենքը պետք է մեղմեր Արցախյան պատերազմի մասնակիցների դժգոհությունը, որ նրանք արտահայտում էին իշխանություններից, առ այն, որ իրենց նկատմամբ չկա բավարար պետական հոգածություն: Իշխանությունը հիմա կարող է ասել, որ այդ բացը ևս լրացվել է. ինչ ուզում էիք` ստացել եք. ձեր մասին նույնիսկ օրենք կա:

Բայց պարզվում է, որ օրենքի ընդունումը նոր խնդիրներ է առաջացնում:
Արցախյան պատերազմի մասնակից, «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության ղեկավար Գրիշա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասում է.

«Այս օրենքը ազատամարտիկի հետ կապ չունի, սա օրենք է երկրապահների մասին: Փառք ու պատիվ գեներալ Մանվել Գրիգորյանին, որ կարողացավ իր թիմի, իր ղեկավարած կազմակերպության անդամների մասին օրենք ընդունել, ու այդ կազմակերպության անդամներին պետական կարգավիճակ տալ»: Գրիշա Սարգսյանը ասում է, որ երկրապահ կամավորականը Երկրապահ կամավորականների միության` ԵԿՄ անդամն է, և այս օրենքը վերաբերում է միայն այդ կազմակերպության անդամներին, իսկ Արցախյան պատերազմի մասնակից, բայց այլ կազմակերպությունների մեջ միավորվածներին սա չի կարող վերաբերել:
«Ում համար պարզ չի, որ պատերազմի մասնակցած տղաների մի մեծ հատված ԵԿՄ անդամ չի, այսինքն՝ երկրապահ չի: Ես ու էլի շատ-շատերը մեզ համարում ենք երկիրը պահող և այդ իմաստով երկրապահ ենք, բայց մենք մենակ երկիրը չենք պահել, մենք մասնակցել ենք Հայաստանի և Արցախի ազատության համար մղվող պայքարին, մենք ազատության մարտիկներ ենք, այսինքն` ազատամարտիկ ենք: Պատերազմից հետո էլ մենք չենք դարձել ԵԿՄ-ի անդամ»,- երկրապահի և ազատամարտիկի տարբերությունն այսպես է բացատրում Գրիշա Սարգսյանը:

Այդ տարբերությունը ավելի հասկանալի դարձնելու համար նա ասում է. «Հայ զինվորներն այժմ իրենց ծառայությունն են անցկացնում Կոսովոյում և Աֆղանստանում, վաղը կարող են գնալ Լիբանան կամ ուրիշ մի երկիր: Նրանք երկրապահ չեն, քանի որ իրենց երկիրը` Հայաստանը, չեն պահում, բայց նրանք ազատամարտիկ են, քանի որ պաշտպանում են այդ երկրների ժողովուրդների ազատությունը, և օրենքն այնպիսին պետք է լինի, որ պաշտպանի նաև նրանց իրավունքները: Այնպես որ, մեր առաջարկն է, որ ընդունվի ավելի ունիվերսալ օրենք, որը կպաշտպանի ոչ միայն երկրապահների իրավունքները, այլ բոլոր ազատամարտիկների»:

Գրիշա Սարգսյանն ասում է, որ իրենց կազմակերպությունը, ազատամարտիկների միավորող այլ հասարակական կազմակերպությունների հետ, դեռ 5-6 տարի առաջ է ԱԺ ներկայացրել «Ազատամարտիկների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի նախագիծ, որտեղ կան այնպիսի մոտեցումներ, որոնցով հնարավոր կլիներ ապահովել ազատամարտիկների համար կյանքի և կենցաղի ավելի լավ պայմաններ: Մինչդեռ իրենց համար անհասկանալի պատճառներով, այդ օրենքն ընդհանրապես չի էլ քննարկվել, էլ ուր մնաց, որ ընդունվի:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք երկրապահի և ազատամարտիկի միջև տարբերություն դնելն արհեստական չէ, և դա չի հանգեցնի ԵԿՄ-ի և Արցախյան պատերազմին մասնակցած այլ կազմակերպությունների միջև թշնամանքի, Սարգսյանն ասում է. «Եթե չեն ուզում, որ հակասություն լինի, ապա պետք է օրենք ընդունվի Արցախյան պատերազմի մասնակցի մասին: Մենք բոլորս էլ Արցախյան պատերազմի մասնակից ենք, անկախ նրանից` ԵԿՄ անդա՞մ, թե՞ մեկ ուրիշ կազմակերպության: Բայց էլի եմ ուզում կրկնել, որ ողջունում եմ գեներալ Մանվել Գրիգորյանին, որ կարողացավ իր կազմակերպության անունով ու կազմակերպության անդամների մասին օրենք ընդունել: Իսկականից հալալ է գեներալ Մանվելին, բայց ճիշտ հասկացեք, սա օրենք չէ ազատամարտիկների մասին»:

Գրիշա Սարգսյանը նկատում է, որ այս օրենքի ընդունումը չի լուծում նաև երկրապահների սոցիալական պաշտպանվածության հարցը, որի մասին իրենք արդեն 10 տարուց ավելի բարձրաձայնում են:

«Լավ, ասենք` կարգավիճակ տվեցին, բայց դրանից մարդկանց թոշակները, սոցալական պաշտպանվածության աստիճանը չի բարձրանում, այդ մարդիկ վաղվանից չեն սկսելու ավելի լավ ապրել: Մեզ այնպիսի օրենք է պետք, որտեղ հստակ գրված կլինի, թե դրանով ինչ են ստանում ազատամարտիկները»,- ասում է Գիրշա Սարգսյանը:

Այսօր՝ հնարավոր է, որ Արցախյան պատերազմի մասնակից մի քանի ջոկատների հրամանատարներ և նրանց միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվեն քննարկելու ստեղծված իրավիճակը: «Ազատամարտկիները դժգոհ են իրենց սոցիալական վիճակից, նրանք պահանջում էին կոնկրետ քայլեր ձեռնարկել, կոնկրետ քայլեր իրականացնել: Մենք շարունակելու ենք իշխանությունից պահանջել, որ ընդունվի մեր առաջարկված օրենքի նախագիծը, որով Արցախյան պատերազմի մասնակիցների համար կոնկրետ արտոնություններ և սոցիալական պաշտպանվածության մեխանիզմներ են նախատեսված»,- ասում է Սարգսյանը:

Մանվել Գրիգորյանին հաջողվել է օրենքի վերնագրում գրել տալ իր ղեկավարած հասարակական կազմակերպության անվանումը, թեև ոչ ամբողջական, որն ինչ-որ իմաստով այնքան էլ արդար չէ: Բայց դրա պատճառն այն է, որ Գրիգորյանը դարձավ ԱԺ պատգամավոր, ի տարբերություն այլ ջոկատների հրամանատարների, ովքեր փորձեցին, բայց անհաջողության մատնվեցին:

Եթե նրանց հաջողվեր անցնել խորհրդարան, օրենքն այլ անվանում և գուցե այլ բովանդակություն կունենար: Արցախյան պատերազմի ոչ ԵԿՄ անդամները, ջոկատների ոչ ԵԿՄ-ական հրամանատարները միշտ էլ փորձել են ԵԿՄ-ին այլընտրանք ստեղծել, իշխանության համար կատարել այն նույն ֆունկցիան, ինչ կատարում է ԵԿՄ-ն, բայց այդ գործում ևս անհաջողության են մատնվել: Այնպես որ, այսքանից հետո չպետք է զարմանալ, թե ինչո՞ւ է իշխանությունը պաշտպանում ԵԿՄ-ի շահերը, անտեսելով ոչ ԵԿՄ-ականներինը: Իշխանության մեջ ևս հասկանում են, որ չնայած գեներալ Մանվելից դժգոհողներ կան, բայց ինչ էլ որ նա անի, միևնույն է, ասելու են, որ նրան դա հալալ է և խիստ ողջունելի:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս