Գագիկ Բեգլարյանը` ՎՊ բացահայտումների մասին. «Մեր նախարարության մասով ոչ մի չարաշահումներ չկան»
«Մեր նախարարության հետ կապված կարող եմ ասել, որ ոչ մի չարաշահումներ չկան: Եթե եղել են թերություններ, դրանց գումարները չեն վճարվել, աշխատանքները վերականգնվում են, երբ կվերականգնվեն, գումարները կվճարվեն: Գնումների հետ կապված չարաշահումներ նույնպես չեն եղել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը, որ կառավարության անդամները պարտավոր են պատասխանել Վերահսկիչ պալատի մեղադրանքներին։
168.am-ի հարցին՝ ինչո՞վ է բացատրվում, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարական աշխատանքների իրականացման համար միջազգային մրցույթով ընտրված ընկերությունները նման ոչ բարեխիղճ ախատանք են կատարել, Գ.Բեգլարյանը պատասխանց, թե բոլոր աշխատանքների մեջ գոյություն ունեն թերություններ, այժմ թերությունները նկատվել են, վերականգնվում են, այդ թերությունների դիմաց գումարներ չեն վճարվել, իսկ եթե չկան վճարված գումարներ, ուրեմն չկան նաև չարաշահումներ. «Աշխատանքը բավականին մեծ ծավալ ունի, աշխատանքի ընթացքում եղել են թերություններ, բայց փոքրիկ տնակ են կառուցում, էլի թերություններ լինում են»:
Նախարարը հորդորեց շրջանառությունից հանել «չարաշահումներ» բառն ու շեշտեց, որ «Հյուսիս-Հարավ» ԾԻԳ-ի արդեն նախկին տնօրեն Արա Հովսեփյանն աշխատանքից ազատվել է՝ թերացումների հետ կապված, ոչ չարաշահումների:
Մեր հարցին՝ գուցե ի սկզբանե կապալառուն ճիշտ չի՞ ընտրվել, նախարարը պատասխանեց. «Աշխատանքներին հետևում ենք, և մենք իրենց 1 ամիս ժամանակ ենք տվել: Հետևում ենք իրենց՝ և´ կապալառուին, և´ վերահսկիչ կազմակերպություններին, և մենք իրենցից ենք պահանջում, որ լավ չվերահսկելու դեպքում աշխատանքներում կապալառուն թերացել է: Երկու կազմակերպություններին էլ 1 ամիս է տրվել, որից հետո, եթե աշխատանքի որակը չի բարելավվում, մենք կգնանք այլ միջոցների: Բայց ես շատ համոզված եմ, որ նրանք կվերականգնեն այդ թերությունները»:
Մեր դիտարկմանը, որ աշխատանքների ուշացման և Ասիական զարգացման բանկում մնացած չօգտագործված գումարների գծով ՀՀ-ն զգալի պարտավճարներ է մուծել, Գ.Բեգլարյանը հակադարձեց. «Հարցը զգալի և ոչ զգալին չի: Գոյություն ունեցող պայմանագրով ունենք կոնկրետ կետ, որտեղ գումարները չօգտագործելու ժամանակահատվածում որոշ տոկոս ենք վճարում Ասիական զարգացման բանկին: Կառավարության անցած նիստում վարչապետը հանձնարարեց ԱԶԲ հետ կոնկրետ աշխատել և այդ կետը հանել: Դա պարտավորվածություն է՝ համաձայն պայմանագրի»: