Սիրիական բանակը վերջ է դրել Թուրքիային սահմանակից Իդլիբի նահանգի ավիաբազայի շրջափակմանը
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական բանակի ստորաբաժանումներն ավարտել են երկրի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Իդլիբի նահանգում Աբու Ադ-Դուհուր ավիաբազայի ապաշրջափակման գործողությունը, որը մեկնարկել էր նախօրեին:
Կառավարական զորքերը զինյալներից ամբողջովին մաքրել են Ալ-Համիդիա և Ումմ-Ջրեն բնակավայրերը, որտեղից ամիսներ շարունակ զինյալները հարձակումներ էին գործում ռազմական օբյեկտի վրա: Ոչնչացվել են «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման տասնյակ զինյալներ, վնասազերծվել են ճանապարհներին տեղակայված մի շարք պայթուցիկ սարքեր:
Աբու Ադ-Դուհուր ավիաբազան, որը գտնվում է նույնանուն ավանից 2 կիլոմետր դեպի արևելք, Սիրիական ազատ բանակի զինյալների ու իսլամիստների կողմից շրջափակվել էր դեռևս 2012 թվականին: Տվյալ շրջանում առավել թեժ մարտեր են ծավալվել նախորդ տարվա աշնանից սկսած:
Չնայած Աբու Ադ-Դուհուր ավիաբազայի շրջանում զինյալների մեծ ակտիվությանը, այն նույնպիսի ամուր շրջափակման մեջ չի գտնվել, ինչ-որ Հալեպի նահանգի Մինեգ և Կվերես ավիաբազաները: Այդ ավիաբազայում գտնվող զինվորականները մշտապես ստացել են զինամթերք ու սննդամթերք, ժամանակ առ ժամանակ էլ՝ համալրումներ:
Նշվում է, որ միևնույն ժամանակ սիրիական բանակը սկսել է ազատագրել Դամասկոսի հարավային շրջանները: