
«Այ թի մաստեր»-ը և «Nout.am»-ը մոլորեցրել են սպառողներին. ՏՄՊՊՀ-ն տուգանեց

Համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Այ թի մաստեր» «Nout.am» և ընկերությունները սպառողներին մոլորեցնելու համար տուգանվեցին օրենքի ողջ խստությամբ: Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) տեղի ունեցած նիստում տեղեկացվեց, որ հանձնաժողովը ստացել է դժգոհություն մի շարք քաղաքացիներից այն մասին, որ «Այ թի մաստեր» և «Nout.am» ընկերություններն ակնհայտորեն խաբում և մոլորեցնում են սպառողներին: Խնդիրն այն է, որ նշված ընկերությունները գովազդում են այնպիսի ծառայություններ, որոնք չեմ մատուցվում: Մասնավորապես, «Nout.am» անվանումով համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մուտքի մոտ փակցված է գովազդային վահանակ՝ «Ապառիկ տեղում միայն անձնագրով, 0% կանխավճար» բովանդակությամբ: Սակայն հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցմամբ պարզվել է, որ այն իրականությանը չի համապատասխանում:
Նույն կերպ էլ խնդիրը վերաբերում է «Այ թի մաստեր» ընկերությանը, որը ևս հաճախորդներին չի տրամադրում համակարգիչներ այն պայմաններով, ինչպիսիք ներկայացնում է գովազդում: Ընկերությունների նման վարքագիծը Հանձնաժողովը որակեց որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում և կիրառեց տուգանք՝ յուրաքանչյուրին նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով, ինչն օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է: Ընկերությունները նախազգուշացվեցին զերծ մնալ նման գործելաոճից և անհապաղ վերացնել խախտումը: