Քրեական գործ են հարուցել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի նկատմամբ
Քաղաքացի Հրանտ Հովհաննիսյանը 2013թ. մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, ըստ որի` մարտի 10-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կենտրոնական բանկի մոտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանությունե ծառայության տեսուչ Ռոբերտ Վարդանյանը նախ` հայհոյել, ապա` հարվածել է իր դեմքին:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` 2013թ. ապրիլի 15-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հերքվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանությունե ծառայության տեսուչ Ռոբերտ Վարդանյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և Հրանտ Հովհաննիսյանին հայհոյելու, հարվածելու հանգամանքները:
Ավելին` բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հրանտ Հովհաննիսյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն, այն է` տեսուչ Ռոբերտ Վարդանյանին մեղադրել է ծանր հանցագործության` բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
2013թ. հունիսի 14-ին որոշում է կայացվել` քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասով նոր քրեական գործ հարուցելու, այն առանձին վարույթում առանձնացնելու մասին:
Նույն օրը ոստիկանության աշխատակից Ռ. Վարդանյանի նկատմամբ 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար: