Դիլիջանում մեկնարկեց շախմատի կանանց «Գրան Պրի» շարքի վեց մրցաշարերից մեկը
Այսօր Դիլիջանում մեկնարկեց ՖԻԴԵ կանանց Գրան պրիի մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի չեմպիոնուհի Աննա Ուշենինան (Ուկրաինա), Համփի Կոներուն, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Աննա Մուզիչուկը (Սլովենիա), Նանա Ձագնիձեն, Բելա Խոտենաշվիլին (Վրաստան), Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա), Տատյանա Կոսինցեւան, Օլգա Գիրյան (Ռուսաստան), Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա), Էլինա Դանիելյանը (Հայաստան), Թուվշինթուգս Բաթչիմեգը (Մոնղոլիա):
Մրցաշարի բացման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը: Վերջինս ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ կառավարության անունից ողջունելով մրցաշարի բոլոր մասնակիցներին և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, ասել է. «Այսօր շախմատը մեր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում և մեծ դերակատարություն ունի հայ ժողովրդի ապրելաձևում: Այդ փոփոխությունը մեր կյանքում տեղի ունեցավ շնորհիվ Տիգրան Պետրոսյանի: «Գրան Պրի»-ն այսօր անցկացնում ենք հենց այդ խորհրդի ներքո, որովհետև ուղիղ 50 տարի առաջ, Տիգրան Պետրոսյանը դառնալով շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը, կարողացավ մեզ ոգևորել, համախմբել հայ ժողովրդին»:
Միջազգային այս կարևորագույն մրցաշարը նվիրված է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակի 50-ամյակին, որը նա տոնել է 1963 թվականին Միխայիլ Բոտվիննիկի հետ պայքարում: