Ըստ «Բարև Երևան» խմբակցության՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն ուռճացված է
Երևանի ավագանու հունիսի 15-ի արտահերթ նիստում «Բարև Երևան» խմբակցությունը դեմ է քվեարկել քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքն ու հաստիքացուցակները հաստատելու վերաբերյալ հարցին՝ համարելով, որ աշխատակազմը ուռճացված է և հարցը պատշաճ քննարկում չի անցել: Օրինակ՝ կան անտրամաբանական բարձր աշխատավարձեր. քաղաքապետարանում վարչության պետերի աշխատավարձը գերազանցում է ՀՀ պատգամավորի աշխատավարձը և այլն: Այս մասին, մասնավորապես, ասված է «Բարև Երևան» դաշինքի տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Խմբակցությունը դեմ է քվեարկել նաև օրակարգի 2-րդ հարցին, որը վերաբերում էր կանոնադրությունում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաև՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հարցերին, որոնք վերաբերում էին քաղաքապետի տեղակալների հաստատմանը:
Օրակարգի 7-ից 10-րդ հարցերը վերաբերում էին քաղաքապետարանին որպես նվիրատվություն հանձնված գույքը ընդունելուն, Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/17 հասցեում կառուցվող շենքերում հասցեների տրամադրման դիմաց գանձվող վճարը 15 հազարից 5 հազար դրամ սահմանելուն, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին և ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գևորգյանին բնակարան նվիրելուն:
Դաշինքի ներկայացուցիչները կողմ են քվեարակել այդ որոշումներին՝ միաժամանակ նշելով, որ Իրինա Զաքյանին վերաբերող նախագծում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը չէ, որ ներկայացված են ավագանու անդամներին: Խմբակցությունը կողմ է արտահայտվել նաև Սուրեն Սաֆարյանի, Վազրիկ Սեկոյանի և Ալեքսանդր Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման թույլտվություն տալու վերաբերյալ հարցերին:
Ըստ աղբյուրի, Երևանի ավագանու այսօրվա նիստում «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարել են, որ ավագանու նիստի օրակարգը չհաստատելը հակասում է քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությանը: Բացի այդ, ըստ կանոնադրության՝ «որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցողներ՝ գլխադասային հանձնաժողովի և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները կամ քաղաքապետի ներկայացուցիչը», մինչդեռ հարակից զեկուցող չկար: