Բաժիններ՝

Քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարները կստանան ավելի բարձր աշխատավարձ

Ի թիվս այլ հարցերի՝ մայրաքաղաքի ավագանին այսօր հավանության է արժանացրել նաեւ  Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը եւ աշխատավարձերի չափերի վերաբերյալ ներկայացված նախագիծը:   Ի դեպ, այս հարցին քվեարկությունից առաջ իր անհամաձայնությունն է հայտնել «Բարեւ Երեւան» դաշինքը, կարծիք հայտնելով, թե աշխատակազմերն ու աշխատավարձի չափերն անհարկի ուռճացված են եւ անընդունելի: Այդուհանդերձ, ներկայացված նախագիծն անցել է բացառապես ՀՀԿ խմբակցության «կողմ» ձայների շնորհիվ, «Բարեւ երեւանը» «դեմ» է քվեարկել, իսկ ԲՀԿ-ն գերադասել է «ձեռնպահ» մնալ:   Այսպիսով, ավագանին , փաստորեն, որոշել է շուրջ 100 000 դրամով ավելացնել քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավար ակզմի աշխատավարձերի չափերը: Օրինակ, եթե Երեւանի քաղաքապետը 2009 թվականից մինչ օրս ստանում էր ամսական 400 000 դրամ աշխատավարձ, ապա այսուհետ ստանալու է 500 000: Առաջին տեղակալը կստանա 416 000, տեղակալները՝ 385 000-ական դրամ, նույնքան աշխատավարձ կստանա նաեւ գլխավոր ճարտարապետը, ով նախկինում 220 000 դրամ էր ստանում: Քաղաքապետարանի վարչության պետերի աշխատավարձը հասցվել է 301 000-ի՝ նախկին 220 000-ի փոխարեն:   Ինչ վերաբերում է վարչական շրջանների ղեկավարներին, ապա նրանց աշխատավարձերը 270 000-ից բարձրացվել է մինչեւ 348 000 դրամի, իսկ նրանց տեղակալներինը’ 220 000-ից՝ 301 000 դրամի:   Հիշեցնենք, որ հուլիի 1-ից կառավարության որոշմամբ նվազագույն աշխատավարձի չափն ավելացվել է ընդամենը 10 000 դրամով:   Երեւանի ավագանին, ինչպես եւ սպասվում էր, այսօր հաստետել է նաեւ քաղաքապետի տեղակալների պաշտոնում առջադրված բոլոր 4 թեկնածությունները:   Քվեարկության արդյունքում՝ Տարոն Մարգարյանի առաջին տեղակալ է ընտրվել Կամո Արեյանը, իսկ տեղակալների պաշտոններում ընտրվել են Վահե Նիկոյանը, Արամ Սուքիասյանը եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը:   Ի դեպ, քաղաքապետարանում  առայժմ չեն գաղտնազերծում, թե ով է փոխարինելու վերջինիս՝ նրա նախկին պաշտոնում: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մալաթիա- Սեբաստիա համայնքի նոր ղեկավար է նշանակվելու պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին՝ Արտակ Ալեքսանյանը:   Նշենք, որ վարչական շրջանի ղեկավարին նշանակելու իրավունքն օրենքով վերապահված է Երեւանի քաղաքապետին:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս