Բաժիններ՝

Տեսուչը փորձել է ղեկավարության վրա տպավորություն գործել ու հայտնվել ամբաստանյալի աթոռին

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հաստատող պաշտոնական կեղծ փաստաթղթեր կազմելու և շրջանառության մեջ դնելու համար Կոտայքի բաժնի տեղամասային տեսուչ 23-ամյա Վահե Եփրիկյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել և տուգանվել:

Վահե Եփրիկյանը աշխատել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքում որպես տեղամասային տեսուչ եւ հանդիսացել սպասարկվող տարածքում կատարված հանցագործությունների հայտնաբերման, ստացված հաղորդումների, ահազանզերի օրինական ու ժամանակին ստուգման համար պատասխանատվություն կրող անձ, սակայն, ըստ դատավճռի, անձնական դրդումներով կազմել և շրջանառության մեջ է դրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հաստատող պաշտոնական կեղծ փաստաթղթեր:

Դատական ակտից տեղեկանում ենք, որ 2013թ. փետրվարի 3-ին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետը տեղամասային տեսուչ Վահե Եփրիկյանին հանձնարարել է Կոտայքի մարզի Արամուս զյուղի բնակիչ Լյովա Նազարյանի` իր տան բակում ծառ կտրելիս անզգուշությամբ մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ «Աբովյան» բժշկական կենտրոնի ստացված ահազանգի ստուգումը:

Ղեկավարության մոտ տպավորություն ստեղծելու դրդումներով Վ. Եփրիկյանը առանց Լյովա Նազարյանի և դեպքին առնչվող մյուս անձանց հետ հանդիպելու և տեղազննության կատարելու 2013թ. փետրվարի 5-ին կազմել և պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետին է հանձնել Լյովա Նազարյանից և վերջինիս հարևանից բացատրություններ վերցնելու, ինչպես նաև մտացածին ընթերակաների մասնակցությամբ տեղազննություն կատարելու մասին կեղծ արձանագրություններ և կեղծ եզրակացություն` Լյովա Նազարյանի անզգուշությամբ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքը հարևանի կողմից հաստատելու, հանցագործության դեպքի բացակայության և նյութերը ոստիկանության բաժնի թղթապանակին կցելու մասին:

Եփրիկյանի կողմից կատարված կեղծիքների վերաբերյալ քրեական գործը քննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։ Նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատախազությունը գործն ուղարկել է դատարան։

Մինչ դատավարությունը սկսվելը ամբաստանյալ Վահե Եփրիկյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով:

Դատարանը որպես անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել այն, որ ամբաստանյալը նախկինում դատված չի եղել, առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցանք, դատական վիճաբանությունների ժամանակ ընդունել է մեղքը, զղջացել է կատարվածի համար, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն և որ երիտասարդ է, իսկ պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի տեսել: Եփրիկյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման հետ կապ չունեցող պատժի՝ տուգանքի 300 հազար դրամի չափով։

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս