«Եթե պարոն Լիսկան չնստի, նոր սպանություններ կլինեն». Րաֆֆի Հովհաննիսյան
Հայաստանի գրողների միության շենքում հրավիրվել է Ժառանգություն կուսակցության համագումարը: «Ես պատրաստ եմ ամբողջ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա միանձնյա, սակայն դա լուծում չէ, լուծումն այն է, որ բոլորը հասկանան, որ առկա խնդիրների լուծումն այսօրվա չընտրված իշխանության եւ միայն իմ լուծելու խնդիրը չէ»,- ասել է Ժառանգության առաջնորդը:
Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձել է նաեւ Սյունիքի դեպքերին, ինչպես նաեւ ԱԺ-ում Վերահսկիչ պալատի ղեկավարի ելույթին եւ դրանից հետո իշխանությունների կողմից արված քննադատություններին:«Թող ոչ մեկը չզարմանա ՎՊ-ի թարմացվող զեկույցներից, բացահայտումներից: Դրանք վաղուց են մեզ հայտնի, իսկ մենք կարծում ենք, որ մեր ցավը, հանցանքը, դատապարտման պատճառը միայն այդ գումարներն են: Բայց նախագահականում պարոն Սարգսյանը, պարոն Աբրահամյանը, տեղական իշխանության ղեկավարները թող չնստեն այդտեղ եւ որոշեն, որ ժողովրդին հիմարի տեղ դնելով ասեն, թե մենք կլուծենք այդ մարդկանց հարցերը: Այդ թալաններին իրենք են մասնակցել, այս իշխանություների օրոք այդ հարցը չի լուծվելու»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ հրապարակային պատժել եւ մեկ- երկուսին բանտ նստեցնելը հարցի լուծում չէ, այլ պատասխանատվությունը պետք է կրեն ավելի վերեւից:
Անդրադառնալով Գորիսում հնչած կրակոցներին եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին չպատժելու հանգամանքին՝ ասել է. «Եթե պարոն Լիսկան չի նստելու, ուրեմն նոր սպանություններ են լինելու: Մենք պետք է հասկանանք, թե որն է մեր ցանկացածը, եւ որն է օրենքի կիրառումը»:
Իր ելույթի վերջում Ժառանգության առաջնորդը հայտնել է, որ վաղը մի քանի օրով իրենք մեկնելու են Սյունիքի մարզ: Այս ամսվա վերջում Ժառանգության ներկայացուցիչները կլինեն նաեւ Շիրակի եւ Լոռու մարզերում: