«Գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաները տեղափոխվեցին տուգանային հրապարակ (լուսանկարներ)
Երեկ՝ հունիսի 14-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել Range Rover մակնիշի 51 MՏ 555 համարանիշի, BMW մակնիշի 17 ՍD 777 և Porsche Cayenne մակնիշի 34 TՏ 578 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ի վարորդը եղել է Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ Գուրգեն Մանուկյանը, Porsche Cayenne-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Սերոժ Վարդանյանը։ Վերջիններս ավտոմեքենան վարել են ոչ սթափ վիճակում, ինչը հաստատվել է բժշկական փորձաքննությամբ։ Գ. Մանուկյանը, բացի ոչ սթափ վիճակում լինելուց, իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, իսկ Ս. Վարդանյանը, ով ավելի շատ հայտնի է՝ Ճվճվ Արոյի տղա, նախկինում նույնպես ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Range Rover-ի վարորդը եղել է Երևան քաղաքի Նալբանդայն փողոցի բնակիչ Սուրեն Մելքոնյանը, ով ավտոմեքենան վարելու ընթացքում կատարել է երթևեկության կանոնների մի շարք խախտումներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է ուժեղացված ծառայությունը, և այն վարորդները, ովքեր չարամտորեն կխախտեն երթևեկության կանոնները, ավտոմեքենան կվարեն ոչ սթափ և չեն ունենա վարորդական իրավունքի վկայական, ապա նրանց երկաթյա նժույգները կտեղափոխվեն «գայի պլաշադկա»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի