
Գագիկ Ջհանգիրյան. «Ես երեխաների հետ չեմ վիճում». մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն իր նիստերի ժամանակ շատ դժվար է «քվորում» ապահովում, ինչն էլ պատճառ է դարձել, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դիմի ԱԺ ղեկավարությանը` հանձնաժողովի անդամների աշխատավարձը պահելու համար:
Հիշենք, որ ԱԺ գեներալները, «լյավ» տղերքը՝ բոլորն այդ հանձնաժողովից են: Աշխատավարձի պահումը պատճառ է դարձել Գագիկ Ջհանգիրյանի և Կորյուն Նահապետյանի միջև լուրջ վիճաբանության, որի ժամանակ Ջհանգիրյանն ասել է. «Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես», ու ձեռքի թղթերը նետել է Կորյունի ուղղությամբ:
Բանն այն է, որ Ջհանգիրյանի զինդատախազ եղած ժամանակ Կորյուն Նահապետյանը համեստ ու խելոք քննիչ է եղել: Ի՞նչն էր պատճառը, որ այդպես թունդ վիճաբանել եք վերջին նիստի ժամանակ՝ հարցրինք երեկ Ջհանգիրյանին: «Ես երեխաների հետ չեմ վիճում»,- բազմանշանակ ասաց նախկին զինդատախազը` խրոխտ քայլվածքով մտնելով ԱԺ նիստերի դահլիճ»: