Իրանի ու Սիրիայի ղեկավարները երկու պատճառով որոշել են դեռ չպատերազմել Իսրայելի դեմ
Քուվեյթի al-Seyassah թերթի փոխանցմամբ՝ Իրանի ու Սիրիայի ղեկավարները որոշել են դեռ չպատերազմել Իսրայելի դեմ: Նրանք եկել են այն եզրակացության, որ ներկա պահին իրենց գլխավոր նպատակը պետք է լինի սիրիացի ապստամբներին ճնշելը:
Այդ ֆոնին Իսրայելի հետ հակամարտության մեջ մտնելը կլինի «ռազմավարական սխալ, որը կհանգեցնի ավելի լուրջ հետևանքների, քան հրեական պետության դեմ պատերազմը»:
Իրանի գերագույն ղեկավարությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին արգելել է Իսրայելի հետ ամեն տիպի զինված հակամարտության մեջ մտնելը՝ ցանկացած պատրվակով:
Այսպիսի որոշում է ընդունվել Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջև կարծիքների փոխանակումից հետո՝ կապված Իսրայելի կողմից թշնամական ակցիաների կրկնման դեպքում հնարավոր արձագանքի հետ:
Թերթն ընդգծել է, որ դրանով իսկ հերքվել է այն տեղեկատվությունը, թե Գոլանի բարձունքներում բացվում է երկրորդ ճակատ, որ այնտեղ են տեղափոխվում «Հզբոլլահի» զինյալները:
Նշվում է, որ Գոլանի բարձունքներում նոր ռազմաճակատ բացելուց հետո իսրայելական հարվածը կարող է ոչնչացնել Սիրիայի հանրապետական գվարդիայի մինչև 40 տոկոսը, որի ստորաբաժանումները պաշտպանում են մայրաքաղաք Դամասկոսը և թույլ չեն տալիս խռովության հետագա տարածումը:
Սակայն Գոլանի բարձունքներում ճակատ չբացելու երկրորդ պատճառը շատ ավելի կարևոր է, քան՝ առաջինը: Իսրայելի հետ Սիրիայի ու «Հզբոլլահի» բախվելն անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի մեջ ԱՄՆ-ի ու արևմտյան դաշնակիցներին մտնելուն: Նման դեպքում Ասադի կառավարությունը կոչնչացվի առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում: