Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարցազրույցը՝ ամեն ինչի մասին, բացի օֆշորից
The Yerevan Times-ը հարցազրույց է վերցրել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից։
Ներկայացնում ենք հարցազրույցը ստորև.
-Մի՞թե Նավասարդ Կճոյանը հենց այնպիսին է, ինչպիսին ներկայացվում է:
– Իհարկե, հոգու խորքում ես ցավում եմ, որ հաճախ համատեքստից ամբողջովին կտրված և մարդկանց հրամցված միտքը կամ փաստը կարող է փոխել նրանց վերաբերմունքը այս կամ այն հարցի նկատմամբ: Ցավոք, իմ պարագայում գործ ունենք հենց այսպիսի «ծուռ հայելիների» թագավորության հետ: Չեմ ուզում անուններ տալ, բայց այն, որ իմ հեղինակությունը հասարակության աչքերում նսեմացնելու գործընթացի սկիզբը կառավարվում էր կոնկրետ անձանց կողմից, փաստ է: Մնացածը պարզապես արդեն իներցիայի, նախատրամադրվածության խնդիր է: Ցավում եմ, որ մեր ժողովրդի մի մասը չի կարողանում զատել թացը չորից և ընկնում է բամբասանքների հորձանուտի մեջ: Այս առումով ես, իհարկե, ունեմ մեղքի իմ բաժինը․ երբևէ չեմ կարևորել ապատեղեկատվությանը համարժեք արձագանքելը՝ հույսս դնելով մեր ժողովրդի խոհեմության վրա: Անունս հաճախ կապվում է ինչ-որ բիզնեսների հետ, բայց ինքներդ դատեք՝ մի՞թե այդ դեպքում ես կշարունակեի նվիրված մնալ եկեղեցուն: Ինձ համար ավելի հեշտ չէ՞ր լինի արդյոք զբաղվել ձեռնարկատիրությամբ, ընտանիք կազմել, զավակներ ունենալ (ի դեպ, խոստովանեմ, որ դրա մասին բազմիցս եմ երազել): Բայց եկեղեցին իմ արյան մեջ է: Եվ, այո, ձեր ասած «Բենթլին» ինձ համար սովորական բան է, որովհետև իմ արժեքահամակարգի բարձունքում իդեալներն են, ոչ թե ավտոմոբիլային ավելորդությունները: Հենց սա է այն միտքը, որը ես երբեմն կրկնում եմ և որի երկրորդ մասը, չգիտես ինչու, դուրս է մնում մամուլի էջերից:
– Պատմում են Ձեր ահռելի ունեցվածքի, ազդեցիկ սանիկների, նրանց կողմից ստացվող նվերների (օրինակ՝ թանկարժեք «Բենթլիի»), մի խոսքով՝ շվայտ կյանքի մասին։ Ըստ Ձեզ, ընդունելի՞ է արդյոք հոգևոր այրի ցոփությունը մի երկրում, որտեղ բնակչության մի ստվար զանգված աղքատության շեմին է:
– Պատասխանեմ հերթով: Նախ՝ ունեցվածքիս մասին ասեմ, որ բնորոշել այն «ահռելի» կնշանակի արժեքազրկել այդ բառը: Այո, ունեմ սեփական տուն, բայց այն հեռու է շքեղության մասին մարդկանց պատկերացումներից։ Այս հարցազրույցից անմիջապես հետո հրավիրում եմ Ձեզ իմ տուն՝ համոզվելու՝ որքան պարզ է այն և, միևնույն ժամանակ, ոչ պարզունակ՝ լի ինձ համար կարևոր խորհրդանշանականությամբ: (Հարցազրույցի այս հատվածը զրույցն այնպիսի ընթացք ստացավ, որ The Yerevan Times-ի թղթակիցը դիմեց Նավասարդ Կճոյանին նրա տուն այցելելու խնդրանքով և դրական պատասխան ստացավ: Մանրամասները՝ վերջում – խմբ.):
Նվերների առումով նշեմ, որ անգամ ոչ ցանկալի նվերից հրաժարվելն անկրթություն է: Ցավում եմ, որ մամուլը կարողացել է լվանալ շատերի ուղեղն այն աստիճան, որ նրանք մտածում են, թե ես միայն մեծահարուստների հետ եմ մտերմություն անում, այն էլ՝ նրանց համար «ինչ որ հարցեր լուծելու» և փոխարենը նվերներ ստանալու ակնկալիքով: Ես օրական հանդիպում եմ տասնյակ մարդկանց հետ, նրանցից շատերն իմ մտերիմներն են: Մի մասը սոցիալապես այնքան էլ ապահովված չէ․ այս դեպքում միշտ մտածում եմ՝ ինչպես կարելի է օգնել և այդ հարցով հաճախ միջնորդում եմ մյուս՝ ապահովված դասի ներկայացուցիչներին: Երկու խավից էլ նվերներ եմ ստանում, երկուսին էլ ես եմ նվիրում: Եվ հավատացեք, ինձ նվիրված՝ մեր որևէ վանքի և անամպ երկնքի պատկերմամբ մանկական նկարի ու «Բենթլիի» միջև որևէ տարբերություն չեմ դնում: Երկուսն էլ հավասարապես թանկ են ինձ համար․ երկուսն էլ նվեր են, երկուսն էլ՝ սրտանց: Ի՞նչ պետք է անեի ես: Հրաժարվեի՞:
Այո, ես եղել ու մնում են այն կարծիքին, որ թանկարժեք մեքենաներ ունենալը Հայաստանում սխալ է, քանի որ դեռևս լուծված չէ մեր բազմաթիվ հայրենակիցների օրահացի խնդիրը: Բայց այդ մեղադրանքները իմ հասցեին ուղղելը տեղին կլիներ, եթե «Բենթլին» գնելու նախաձեռնողը ես լինեի: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ այն ինձ նվիրել էր իմ մտերիմ մարդկանցից մեկը՝ սանիկս: Ես ինքս ինձ երբեք նման ավտոմեքենա չէի գնի, եթե անգամ ունենայի դրա հնարավորությունը: Փոխարենը, վերջերս նոր հեծանիվ եմ ձեռք բերել և օրական 5-10 կմ երթևեկում եմ դրանով: Սիրում էի հեծանիվ քշել դեռ Օշականում ծառայելու տարիներին: Այն ժամանակ էլ էին մարդիկ փսփսում․ հոգևորական է և հեծանվով է երթևեկում: Իսկ ես երբեք ենթակա չեմ եղել այդ նախապաշարումներին, որոնք ոչ այլ ինչ են, քան գավառամիտ մտածելակերպի ծնունդ, և սկզբունքորեն նախընտրել եմ անպատասխան թողնել ինձ ուղղված անհիմն հարցադրումները: Այո, «Բենթլին» ինձ համար սովորական բան է, որովհետև երջանկության համար այն չէ, որ պետք է ինձ: Այս առումով ասեմ, որ հեծանիվն այդքան էլ սովորական բան չէ․ այն քշելով ես ինձ միշտ երիտասարդ եմ զգում (ծիծաղում է – խմբ․):
Հայ հոգևորականի ցոփության հետ կապված հարցին, կխնդրեմ Ձեզ իմ առօրյայում ցույց տալ ցոփության գեթ մեկ դրսևորում, և ես այն կվերագրեմ ինձ: Եթե կրկին չարաբաստիկ «Բենթլիի» մասին հիշեցնեք, ասեմ, որ դրանով գրեթե չեմ երթևեկում, նախընտրում եմ ծառայողական մեքենան: Ամեն ինչից զատ՝ անկեղծ ասեմ, որ ավտոմեքենաների հանդեպ որևէ սեր չունեմ և ինքս էլ 14 տարի է ղեկ ձեռքս չեմ վերցրել: Այդքան բան:
– Տարբեր միջոցառումների ժամանակ Ձեզ կարելի է տեսնել իշխող էլիտայի կողքին: Հայտնի է նաև, որ չեք թաքցնում համակրանքը Սերժ Սարգսյանի հանդեպ: Ինչո՞վ է այն պայմանավորված:
– Այս հարցը ևս բազմաթիվ շահարկումների առիթ է դառնում:
Մեր պապերը դարերով երազել են անկախ պետականություն ունենալու մասին, և Հայ առաքելական եկեղեցին է, որ պատմության ծանրագույն շրջաններում իր վրա է վերցրել ազգապահպանման խնդիրը: Այսօր մենք բախտ ունենք վայելելու, ըմբոշխնելու անկախությունը: Եվ ո՞ւմ, ըստ Ձեզ, պետք է սատարեի ես՝ որպես եկեղեցու սպասավոր, պատմության այս կարևոր փուլում, եթե ոչ անկախ Հայաստանի լուծը քաշող ուժին:
Սերժ Սարգսյանի առումով ասեմ, որ իր ճակատագիրը սերտորեն կապված է մեր նորագույն պատմության ամենահերոսական շրջանի՝ Արցախի ազատագրման հետ: Ես նրան ազգային և պետական գործիչ եմ համարում: Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի զարգացումը ճիշտ ուղով է տանում: Բոլորիս հուզող կոռուպցիան, սոցիալական ծանր պայմանները և դրանից բխող արտագաղթն անցողիկ երևույթներ են: Օտար ափերում դեգերող հայերը վերադառնալու են իրենց հայրենիք, ես վայրկյան անգամ չեմ կասկածում դրանում:
– Դերասան Ա․ Ջիգարխանյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ հանցագործ հայերի մոտ մի սովորություն կա․ նրանք կամ խաչքար են կանգնեցնում, կամ եկեղեցի կառուցում: Համաձա՞յն եք:
– Մարդ պետք է այնպես ապրի, որ իր կյանքով գոհություն մատուցանի Աստծուն և իր խղճին: Եթե, իհարկե, հավատում է խղճին:
Հարցազրույցից հետո, երեկոյան, The Yerevan Times-ի թղթակից Արմեն Բուդաղյանը Նավասարդ Կճոյանի ուղեկցությամբ այցելել է Այգեձոր թաղամասում գտնվող նրա տուն, սրբազանն իր ձեռքով պատրաստած սուրճ է հյուրասիրել վերջինիս, այնուհետև փոքրիկ էքակուրսիա անցկացրել: