Բաժիններ՝

Զ.Փոստանջյանը՝ վարչապետին. «Պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել ՀՀ հարկատուներից»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցում է արել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում «Ինչ է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ հունիսի 1-ի երեկոյան» վերտառությամբ մարզպետարանի նախօրեին հրապարակված հայտարարության վերաբերյալ: Պատգամավորը, հրապարակման հետ կապված մի շարք հարցերի պատասխաններն ակնկալելուց բացի, խնդրել է «անհապաղ վերացնել ապօրինի հրապարակումը»:

«Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունը տարածել է պատգամավորի հարցման տեքստը, որում ասված է.

« Հարգելի պարոն Սարգսյան,

Երեկ երեկոյան ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջում հրապարակվել է հայտարարություն հետևյալ վերնագրով` «Ի՞նչ է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ հունիսի 1-ի երեկոյան», որտեղ նկարագրված է, որպես «վկայություն», սույն թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած հանցագործության մասին՝ իբրև ճշմարտության վերաբերյալ տեղեկատվություն: Համաձայն վերը նշված հրապարակման՝ մեջբերում եմ` «Պաշտոնական տեղեկատվության սղության ու ոչ ամբողջականության պատճառով…», «կա մի հարց՝ սկզբունքային նշանակություն ունեցող, որի մասին չենք կարող չխոսել, որի շուրջ լռություն են պահպանում անգամ շահագրգիռ մարմիններն ու լրատվամիջոցները»: Մանրամասները տե´ս`
/http://syunik.gov.am/news/item/2013/06/05/hunisi1/:

Վերը նշված հրապարակումից հետո, ի պատասխան «Ա1+»-ի հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է. «Փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է»: Մանրամասները տե´ս`/ http://www.a1plus.am/am/politics/2013/06/05/sona/:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ խնդրում եմ տրամադրել պատասխան պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ.

1. ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջը ինչու՞ է հետապնդում անօրինական նպատակ:
2. ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջը ինչու՞ է շահագործվում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի, լիազորությունների չարաշահմամբ:
3. Եթե Դուք չեք վերը նշված հրապարակման նախաձեռնողը, ապա խնդրում եմ անցկացնել ծառայողական քննություն և հայտնել՝ ու՞մ նախաձեռնությամբ է նման հայտարարություն տեղադրվել ՀՀ կառավարության պաշտոնական կայք-էջում:
4. Պատրաստվում ե՞ք վերացնել ապօրինությունը և միջոցներ ձեռնարկել՝ պատասխանատվության կանչելու ապօրինություն կատարողին կամ կատարողներին:
5. Պատրաստվում ե՞ք ներողություն խնդրել ՀՀ հարկատուներից՝ նրանց գումարներով ֆինանսավորվող ՀՀ կառավարության կայք-էջը ապօրինի օգտագործելու համար:

Ի լրումն այս ամենի՝ խնդրում եմ անհապաղ վերացնել ապօրինի հրապարակումը»:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս