Բաժիններ՝

Ինչո՞ւ է ՀԾԿՀ-ն շտապում հաստատել գազի սակագինը. Ակտիվիստները բողոքի ակցիա են խոստանում

Այսօր քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ տեղի ունեցան գազի թանկացման թեմայով հանրային լսումներ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԿԾՀ) հանրային լսումների տապալումից հետո Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը հայտարարել էր, թե նոր լսումներ կկազմակերպի ՀԽ-ն, և 2 օր առաջ ՀԾԿՀ անդամների հետ Խորհրդում քննարկումներ իսկապես եղել են, սակայն դրանց քաղաքացիական ակտիվիստներին չեն հրավիրել:

Ակտիվիստ Անի Կաղինյանը 168.am-ին հայտնեց, որ իրենց նախաձեռնած այսօրվա լսումներին հրավիրել են ՀՀ վարչապետին, էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի, բնապահպանության նախարարներին, ԱԺ հանձնաժողովների ղեկավարներին, ՀԾԿՀ նախագահին և այլոց: Սակայն լսումներին, բացի քաղ. հասարակությունից, ներկա էր միայն ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նշենք, որ երեկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը 168.am-ի հետ զրույցում հավաստիացրել էր, թե գազի թեմայով հանրային լսումների իրեն չեն հրավիրել, և հայտնի չէ, թե երբ կլինեն նման լսումներ:

Իրավաբան, քաղաքացիական ակտիվիստ Մերի Խաչատրյանը հայտարարեց, որ լիազոր մարմինը շտապում է գազի սակագինը հաստատել, և վաղն արդեն ՀԾԿՀ նիստ է անցկացնելու: Մինչդեռ քաղ. հասարակության ներկայացուցիչները խնդրել էին 1 ամսով հետաձգել նիստը, որպեսզի իրենք հնարավորություն ունենան «ՀայՌուսգազարդի»՝ 700-ից ավելի էջանոց հայտին ծանոթանալու. «Ուզում ենք, որ ՀԾԿՀ-ն մերժի հայտը»:

Կարդացեք նաև

«Այս 20 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորվել է քրեաօլիգարխիկ համակարգ, որը հանրության հաշվին վարում է տնտեսություն, իսկ ժողովուրդը ճամպրուկների վրա է»,- հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ «ՀայՌուսգազարդի» հայտը բնորոշելով՝ որպես «ձևական» և «ինքնանպատակ»:

Նա շեշտեց, որ ՀԾԿՀ-ն իրենց մերժել է տրամադրել «Գազպրոմի» և «ՀայՌուսգազարդի» պայմանագիրը՝ վստահեցնելով, թե դրա գաղտնիության մասին «ՀայՌուսգազարդը» գրություն է ներկայացրել հանձնաժողովին, սակայն այդ գրությունն էլ է գաղտնի:

Հասարակական պաշտպանների միության նախագահ Արամ Գրիգորյանը նշեց, որ պայմանագրի տրամադրման դեպքում կբացահայտվի իրականությունը: Նա ենթադրեց, որ նման պայմանագիր կարող է բոլորովին էլ չլինել, այսինքն՝Ռուսաստանը չի բարձրացրել գազի գինը, և «ՀայՌուսգազարդն» է «խաղեր տալիս», կամ, եթե կա նման պայմանագիր, ապա այն հրապարակայնացնելու դեպքում կպարզվի գազի թանկացման իրական ամսաթիվը, կամ կարող է ներքին պայմանավորվածություն կա, որ «ՀայՌուսգազարդի» 2012 թ. վնասը փոխհատուցելու համար հիմա շահույթի չափն են ավելացնում: Ըստ նրա՝ մենաշնորհատեր ընկերությունն այս հայտով գազի ներքին տեղափոխման ինքնարժեքի չափով շահույթ է ակնկալում: Իսկ ՀԾԿՀ-ն գազի սակագնի հաստատման համար հապճեպ նիստ է հրավիրում, որպեսզի «ՀայՌուսգազարդը» հնարավորություն ունենա հուլիսի 7-ից նոր գնով իրացնել կապույտ վառելիքը:

Ա.Գրիգորյանը 168.am-ին հայտնեց, որ վաղը ՀԾԿՀ շենքի մոտ ժամը 10:30-ից ակցիա է տեղի ունենալու: Եթե հանձնաժողովն այնուամենայնիվ հաստատի նոր սակագինը և թանկացնի գազը, իրենք դիմելու են դատարան:

Հավելենք, որ երեկ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարել էր, թե գազի գնի շուրջ լսումներ նախատեսվում են: Ա.Գրիգորյանի կարծիքով՝ սակագնի հաստատումից հետո նման լսումներն արդեն կլինեն ուղղակի փաստի արձանագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս