Ընդդիմությունը խռովա՞ծ է

«Ընդդիմությունը պայքարի դուրս չի գալիս, որովհետև խռովել է: Ժողովուրդը և՛ ընդդիմություն է ստեղծում, և՛ իշխանություն: Ժողովուրդն այս անգամ ընդդիմություն ստեղծեց, բայց նրանք նորից նույն վարքագիծը ցույց տվեցին` խաղից դուրս եկան, ինչը վտանգավոր է մեր պետության համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Այս առնչությամբ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` արդյոք ընդդիմությունը «խռովա՞ծ է», ինչպես կարծում է ՀՀԿ փոխնախագահը: Ի պատասխան Գ. Սահակյանի՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը խռոված է: Այն, ինչ ասել է Գալուստ Սահակյանը, ցույց է տալիս, որ նրանք քաղաքականությունն այլանդակել են: Ընդդիմությանը ֆինանսից զրկելու, ահաբեկելու, ընտրություններ կեղծելու, ընդդիմության դեմ ոստիկանական մահակ հանելու, առաջարկները չլսելու պարագայում, մեկ է, ընդդիմությունը խռոված չէ: Իշխանությունն իր այս «ուժեղ» կեցվածքով փորձում է քաղաքական դաշտը սպանել»:

Այնուամենայնիվ, Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ իշխանության կողմից վերջին շրջանում ընդդիմության նկատմամբ դրսևորված «ցինիզմը» որոշակի օբյեկտիվ հիմքեր ունի, որովհետև իշխանության ստեղծած անպատժելիության մթնոլորտը հանգեցնելու է «արբեցման», ինչի արդյունքում, ըստ նրա, գործող իշխանությունն ամեն ինչին ցինիկաբար է մոտենալու: Ա. Մարտիրոսյանն ընդգծեց նաև, որ ընդդիմությունը «խռոված» չէ, բայց լուրջ մտածելու հարցեր ունի, որոնց լուծման պարագայում իշխանությունն այսկերպ չի արտահայտվի: Մեր հարցին, թե մտածելու ի՞նչ լուրջ հարցեր ունի ընդդիմությունը, նա պատասխանեց. «Ընդդիմությունը պետք է մտածի սերնդափոխության իրականացման մասին, մաքրվի այն մարդկանցից, ովքեր տարբեր ժամանակ իշխանության մեջ են եղել, պաշտոնատար անձինք են եղել, ընտրությունների կեղծիքների, պետության թալանի հիմքն են դրել, և այլն»:

Տեսանյութեր

Լրահոս