Բաժիններ՝

Գորիսի քաղաքապետ. Վրեժը միշտ էլ վրեժ է բերում. մամուլ

«Ժամանակ» օրաթերթի լրագրողը հունիսի 1-ի երեկոյան Գորիսում հնչած կրակոցների շուրջ զրուցել է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի հետ:

– Պարոն Ոսկանյան, Հայաստանի թիվ մեկ խնդիրը կարծես դարձել է Գորիսը: Ավելին՝ մամուլում  արդեն շրջանառվում է  հնարավոր վրեժխնդրության հարցը: Ի՞նչ է կատարվում Գորիսում:

– Նախապես ասեմ, որ համաձայն չեմ թիվ մեկ արտահայտության հետ՝ որպես ՀՀ թիվ մեկ խնդիր կամ համայն հիմնախնդիր: ՀՀ-ն շատ հիմնախնդիրներ ունի, բայց կարող եմ ավելացնել, որ տեղի է ունեցել ցավալի փաստ. մարդ է մահացել, որը անհանդուրժողության մթնոլորտի արտահայտման ձևերից մեկն է:  Ինչ վերաբերում է վախի կամ վրեժխնդրության մթնոլորտին, դրանք այն երևույթներն են, որոնք մարդկային կյանքի համար անհարիր են: Ի՞նչ է նշանակում՝ մարդ վախենում է, չի վախենում, մարդը զգույշ է լինում, և այդ զգուշությունը այնպիսի դաստիարակություն է, որ բոլորի մոտ էլ պետք է լինի: Երկրորդ՝ վրեժը միշտ էլ վրեժ է բերում, կան համապատասխան պետական մարմիններ, որոնք պետք է և՛ քաղաքական, և՛ իրավական գնահատականներ տան հարցի լուծման վերաբերյալ: Գորիսն իր առօրյա կյանքով է ապրում: Պարզ է՝ տխուր է ամբողջ մթնոլորտը թե՛ ղեկավարման, թե՛ մարդկային հարաբերությունների տեսանկյունից, բայց դրա հետևանքները կլուծվեն հետագայում:

 Մամուլում կատարվածի վերաբերյալ վարկածները բազմաթիվ են, այս օրերին խոսե՞լ եք արդյոք Սյունիքի մարզպետի հետ, ի՞նչ է ասում ինքը:

– Ես տեսել եմ Սյունիքի մարզպետին, ինչ-որ չափով քննարկել ենք այդ հարցը, նա ցավում է  կատարվածի համար: Ես մասնակցել եմ Բուդաղյանների ընտանիքի սգո արարողությանը, շատ ցավալի է: Պարզապես գնահատական տալու իրավունք չունեմ, քանի որ գնահատականը համապատասխան իրավական մարմիններն են տալու: Մամուլը հաճախ այնպիսի բաներ է ասում, գրում, թե ես մահացել եմ…

 Իսկ այն, որ մարզպետը Գորիսում չէ…

– Ոչ, ինքը երկու օր քաղաքում էր, կարծեմ Երևան պետք է ժամաներ և հետ գար, քանի որ ինքը իր լիազորությունների ժամանակավոր դադարեցման համար դիմում է գրել կառավարությանը, չգիտեմ՝ երբ է քննարկելու կառավարությունը և համապատասխան կուսակցական մարմինը:

 Այսինքն՝ ինքը տա՞նն  է, Գորիսո՞ւմ:

– Անշուշտ: Այդ օրն էլ շատ  ուրախ օր է եղել, այդ օրը հանդիպումը շատ ուրախ օր է եղել և՛ մարզպետի, և՛ Ավետիքի համար, պարզապես վատ ավարտ է ունեցել:

 Մարզպետը Ձեզ ասե՞լ է, թե ինչ է տեղի ունեցել:

– Ես ընդհանուր հանդիպումներ եմ ունեցել, իսկ ընդհանուր հանդիպումների ժամանակ այդպիսի մանրամասն քննարկումներ չեն լինում: Որոշակիորեն ասեմ, որ մարզպետը ցավում է  կատարվածի համար, քանի որ մարդ կորցնելը երկու կողմի համար էլ շատ վատ է, չեմ ուզում ավելին մեկնաբանել:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս