«Լիսկային կյանքի գնով պետք է պաշտպանեն, նա 95 տոկոս խփած «օրինակելի» մարզպետ է, դրսում պետք է մնա ու, եթե հավեսը գա, էլի մարդ սպանի»

«Ես վաղուց էի ասել, որ ամեն ինչ կտանեն դեպի նրան, որ մի օր ասեն՝ հարձակում է եղել Լիսկայի տան վրա, և ինքն էլ անզորությունից ինքնապաշտպանվել է, և վերջում հայտնեն, որ «օրինավոր» Լիսկան հաղթել է «ոսոխին»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը՝ մեկնաբանելով Սյունիքի մարզպետի տեսակետը, թե իր տան վրա հարձակում է եղել, և ինքն էլ դիմել է ինքնապաշտպանության և ցավում է տուժողների համար:

«Գիտեի, որ սրան են տանում, քանի որ հենց առաջին օրը իրենց լրատվամիջոցներով տարածվեց, որ եղբայրները հարբած էին եղել: Այսինքն դա արվում էր, որ 99 տոկոսով իրենց կյանքի գնով ապահովեին Լիսկային դրսում թողնելու ծրագիրը: Նա որ հենց սկզբում էլ ասաց՝ քնած եմ եղել, սա էլ արդեն նախագծված այս սցենարի մի մասն էր, որ հետագայում մարդիկ ոչ մի կապ չտեսնեին սպանության և Լիսկայի միջև»:

Գուրգեն Եղիազարյանն անդրադարձել է Բուդաղյաններին՝ ասելով, որ ոչ մի տրամաբանություն չի տեսնում նրանց ապրած կյանքի և Լիսկայի՝ նրանց կողմից իր տան վրա հարձակվելու մասին արած հայտարարության միջև:

«Նրանց կողմից մինչ այդ Գորիսում և ՀՀ-ում ոչ մի վատ բան չի արձանագրվել, հակառակը՝ եղբայրները մասնակցել են ազատամարտին: Մինչև օրս այդ օրինապաշտ քաղաքացիները ոչ մի վատ արարք թույլ չեն տվել, չեն նկատվել խուլիգանության, գողության և ավազակության մեջ, ոչ էլ թմրանյութերի օգտագործման մեջ: Էլ չեմ ասում, որ կրտսեր եղբայրը օրինակելի զինվորական է եղել, իսկ ավագ եղբայրը օրինակելի և օրինավոր ՀՀ քաղաքացի:

Եվ հանկարծ այդ մարդիկ այդ հասուն տարիքում մեկից խելագարվեցին, զինված հարձակում գործեցին մարզպետի տան վրա, անմեղ գառնուկի վրա, որը իր ամբողջ կյանքում ոչ մի վատ բան չի արել, որը իր կյանքում եղել է միայն օրինապաշտ, որը կին չէր ծեծել տեսախցիկների առաջ, որը անօրինական մարդկանց վրա չի հարձակվել, այլանդակություն չէր արել, հարձակում գործեցին մարզպետի վրա՝ մեր պետականության վրա:

Զինդատախազը միգուցե ասի՞, որ Բուդաղյանները ցանկանում էին այսպիսով խարխլել հայոց պետականությունը, դրանով իսկ ցանկանում էին հարձակվել ոչ թե Լիսկայի վրա՝ օրինակելի մարզպետի, շքանշանակիր զինվորի վրա, որին Սերժ Սարգսյանը պարգևատրեց կին ծեծելու համար, իսկ եթե սպաներ, հերոսի կոչում կտար… այլ՝ երկրի պետության հիմքերն էին ուզում խարխլել հանձինս Լիսկայի տան հիմքերի: Փորձում էին վնասել ամբողջ մարզը ահ ու սարսափի մեջ պահող մարդուն, 95 տոկոս խփող մարդուն, որի 19-ամյա որդուն կալանավորում են՝ դուրս թողնելով հորը, շատ պարզ հաշվարկով… «Տղա ջան, առ վրադ, դու նստի, ես դրսում մնամ, որ քեզ հանեմ»:

Գուրգեն Եղիազարյանն անդրադարձել է նաև ԱԱԾ անվտանգության նիստին, նշելով, որ Սերժ Սարգսյանը պարզապես չէր կարող Լիսկայի հարցը մեջտեղ բերել, քանի որ նա 95 տոկոս խփած մարզպետ է և բացի դրանից՝ Սերժ Սարգսյանի թիմակիցն ու օրինակելի անձ է նրան իր հավատարմությամբ:

«Օրինակելի, օրինապաշտ գնդապետ է գնդակահարված, նրա եղբայրը սպանված է, իսկ գնդապետը խաղաղ պայմաններում այսօր մահվան ճիրաններում է գտնվում ու չեն իմանում՝ կապրի՞, թե՞ չի ապրի գնդապետը, ՊՆ ոչ մի արձագանք չուներ, ծպտուն անգամ չէր հանում, չէր ասում՝ խաղաղ պայմաններում գնդակահարել են քաղաքացիականները: Արդեն իսկ կարելի էր ենթադրել, որ նրանք պարտավոր են պաշտպանել Լիսկային, Լիսկայի նմաններին պիտի՛ պաշտպանեն, հստակ խնդիր է դրված և պարզ պատճառով: Ամեն կերպ պիտի հանեն, որ գնդակահարված սպան ու իր եղբայրն են մեղավոր, որ գնդակահարվել են:

Սպանողները ՀՀԿ-ից են և Սերժ Սարգսյանի թիմակիցներն ու շրջապատը, դրա համար անմեղ մարդկանց փուռն են տալու, իսկ մարդասպանները պետք է դրսում մնան, որ էլի մարդ սպանեն՝ հանուն ՀՀԿ-ի այս անգամ: Թե որ մի քիչ թմրանյութի տակ կլինեն և մի քիչ էլ հավեսները կգա ու մարդ կսպանեն, այն էլ ոչինչ, հիմա ի՞նչ անենք»:

Տեսանյութեր

Լրահոս