Սիրիային C-300-ների մատակարարման մասին պայմանագիրը դեռ իրագործված չէ. Պուտին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիային C-300 զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարելու մասին պայմանագիրն իրագործված չէ: Այս մասին Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը.
«Ինչ վերաբերում է C-300-ներին, ապա դրանք աշխարհում հակաօդային պաշտպանության լավագույն համալիրներից մեկն են: Դա լուրջ զենք է: Մենք չենք ցանկանում խախտել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Պայմանագիրը կնքվել է մի քանի տարի առաջ, այն դեռ իրագործված չէ»:
Պուտինը նաև հիասթափություն է հայտնել ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների ընդունած որոշման կապակցությամբ՝ կապված սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքը չեղյալ հայտարարելու հետ. «Ես չեմ թաքցնի դա, մեզ դա հիասթափեցրել է»: