Գերմաներենը զրկվել է 63 տառանոց իր ամենաերկար բառից
Գերմանական Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի շրջաններից մեկի օրենսդրությունում կատարված փոփոխությունները գերմաներենին զրկել են 63 տառից բաղկացած բառից, որը համարվում էր այդ լեզվի ամենաերկար բառը:
Նախորդ շաբաթ Մեկլենբուրգի (Պոմերանիա) խորհրդարանը որոշում է ընդունել չեղյալ հայտարարել տեղի «Տավարի մսի պիտակման վերահսկողության պարտավորությունների հանձնման մասին» օրենքը, որի անունն է Rindfleischetikettierungsüberwachungsaufgabenübertragungsgesetz:
Այն պաշտոնապես համարվում է գերմաներենի ամենաերկար բառը: Անսովոր անվանմամբ այդ օրենքը Մեկլենբուրգում ընդունվել է 1999 թվականին՝ նպատակ ունենալով կանխել կովի կատաղության տարածումը: