Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալին

Այսօր`  հունիսի 4-ին, ԱՄՆ-ում գտնվող Րաֆֆի  Հովհաննիսյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը: «Պետքարտուղարությունում կայացած մասնավոր հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի առջև ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլև միջազգային մարտահրավերներին առնչվող հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ հակամարտության արդարացի կարգավորումը և 1915թ. Հայոց Ցեղասպանության և Մեծ Հայրենազրկման իրական ճանաչումը:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես հիմնական բանախոս, ելույթ ունեցավ Ջորջ Վաշինգթոն համալսարանի իրավաբանական դպրոցում հավաքված լսարանի առջև՝ բաղկացած դիվանագետներից, քաղաքական գործիչներից և մտավորականներից: «Զրույց Հայաստանի մասին» վերտառությունը կրող այս միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական, ռուսական եւ եվրասիական հետազոտությունների կենտրոնի (Institute for European, Russian, and Eurasian Studies), «Փոլիսի Ֆորում Արմենիա» (Policy Forum Armenia) կազմակերպության եւ Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) համատեղ ջանքերով:
Միջոցառման ավարտին նա հարցազրույցներ տվեց տեղական և միջազգային լրատվամիջոցներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել նախորդ ամսին և, ըստ կուսակցության մամուլի խոսնակի, Հայաստան է վերադառնալու հունիսի առաջին տասնօրյակին:

Տեսանյութեր

Լրահոս