Դեղորայքի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերությունը տուգանվեց 10 մլն դրամով
Դեղորայքի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերությունը գերիշխող դիրքի չարաշահման համար այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տուգանվեց 10 մլն դրամով:
ՏՄՊՊՀ նիստի ժամանակ տեղեկացվեց, որ հանձնաժողով է դիմել դեղորայքի ներկրմամբ զբաղվող «Բեյբի Սիմ» ընկերությունը, հայտնելով, որ մրցակից «Կուրացիո» ՍՊԸ-ն խոչընդոտում է իր գործունեությանը՝ թույլ չտալով մասնակցել դեղորայքի մատակարարման մի շարք մրցույթների: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող էնտերալ զոնդային սննդի (սննդի ընդունման դժվարություններ ունեցող կամ անգիտակից վիճակում գտնվող հիվանդներին զոնդի միջոցով տրվող հեղուկ) ձեռքբերման մրցույթներին:
Ընկերության դիմում-բողոքի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, որի ընթացքում պարզվել է, որ «Բեյբի Սիմ» և «Կուրացիո» ընկերությունները հանդիսանում են տարբեր արտադրողների կողմից արտադրվող էնտերալ զոնդային սննդի ներմուծողներ Հայաստանում:
ԵՊԲՀ-ի կողմից կազմակերպված մրցույթներում «Բեյբի Սիմ» ընկերությունն առաջարկել է բարձր կալորիականությամբ էնտերալ զոնդային սնունդ՝ շատ ավելի էժան գնով, քան այն ձեռք է բերվում այդ ժամանակահատվածում` «Կուրացիո» ՍՊԸ-ից:
ԵՊԲՀ-ը պատասխանել է, որ «Բեյբի Սիմը» պետք է մասնակցի իրենց կողմից կազմակերպվող գնման ընթացակարգերին, սակայն գնումները կազմակերպվել են այնպես, որ վերջինը հնարավորություն չի ունեցել մասնակցելու դրանց: Մասնավորապես, զոնդային սննդի մասով մրցույթը կազմակերպվել է «Բուժ. սարքավորումներ» ապրանքի ներքո, այն դեպքում, երբ այն բուժսարքավորում չէ: Այս մրցույթին «Բեյբի Սիմը» մասնակցելու հրավեր չի ստացել, քանի որ գրանցված է եղել «Դեղորայք» և «Սննդամթերք» առաջարկող մասնակիցների ցանկում:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ վարույթի ընթացքում ի հայտ են եկել մի շարք փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ, այն բոլոր դեպքերում, երբ «Կուրացիո» ընկերությունը բուժհաստատությունների կողմից հայտարարված պետական գնումների մրցույթներում հանդիսացել է միակ մատակարարը, հայտերում շատ բարձր գնային առաջարկ է ներկայացրել, իսկ այն դեպքերում, երբ մրցակից է ունեցել, դեղորայքը վաճառել է գրեթե ինքնարժեքին հավասար գնով ՝ արհեստականորեն խոչընդոտելով մրցակից ընկերության մուտքը շուկա:
Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև շուկայում «Կուրացիո» ՍՊԸ-ի գնային քաղաքականությունը և բացահայտել, որ ընկերությունը, հանդիսանալով հանրապետությունում այս ապրանքների հիմնական ներմուծող և մատակարար, մշտապես օգտվել է իր մրցակցային առավելությունից և անկախ նրանից, որ այս ապրանքներն իր մատակարարներից երբեմն զեղչով է ձեռք բերել, կամ միջազգային շուկայում դրանց գները նվազել են, մշտապես նույն բարձր գներով է վաճառել հանրապետության դեղատներին և հիվանդանոցներին:
Մասնավորապես, մինչ զեղչի ստացումը ընկերության կողմից իրացվող «Նուտրիզոն սննդային թելիկներով 1 կկալ 500մլ.» ապրանքի ինքնարժեքը կազմում էր 2080 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը՝ 4000 դրամ: Սակայն ընկերությունն ապրանքը կարողացել է ձեռք բերել զեղչով, ինչի արդյունքում ինքնարժեքը նվազել է մինչև 1380 դրամ, սակայն մանրածախ ցանցում գինը մնացել է անփոփոխ: Այսինքն, ընկերությունն ինքնարժեքի նվազմանը համարժեք չի իջեցրել վաճառքի գները, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է:
«Հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ «Կուրացիո» ընկերության գերիշխող դիրքի չարաշահում է տեղի ունեցել: Այն բոլոր մասնակիցները, որոնք պետգնումների ոլոտում չարաշահումներ կիրականցնեն և կպատժվեն ՏՄՊՊՀ կողմից, կհայտնվեն պետական գնումների մասով «սև ցուցակում» և չեն կարողանա որոշ ժամանակ մասնակցել պետգնումներին: Այժմ «Կուրացիո» ընկերությունը 3 տարի զրկվում է պետգնումներին մասնակցելու իրավունքից»,- ասաց Ա.Շաբոյանը: